Գլխավոր Լրահոս

Հիսուն դրամի կայծը

Հիսուն դրամի կայծը

Հիսուն դրամի կռիվը, եթե Հայաստանը ուզում է վերադառնալ Սահմանադրական կարգի հուն, պետք է վերածել անարդարության դեմ պայքարի:

Փողոց դուրս եկած երիտասարդների եռանդն ու վճռականությունը կարող է հիացմունք պատճառել: Նրանք այլևս չեն ուզում ապրել մի համակարգում, որը «Առաջ Հայաստան», «Քեզ համար Հայաստան» և «Ապահով Հայաստան» կարգախոսների ներքո իրականում հնարավոր բոլոր եղանակներով կողոպտում է սեփական ժողովրդին:

Իշխանությունները, սակայն, ունեն հակաքայլեր: Առաջին, արտերկրում իր հանգիստն անցկացնող Սերժ Սարգսյանը կարող է համապատասխան օղակներին կարգադրել, որպեսզի տրանսպորտի սակագինը իջեցվի նախկինին կամ թանկացումը լինի ավելի տրամաբանական ու հիմնավոր: 

Իրադարձությունների նման զարգացման դեպքում կողոպտվող ժողովրդի մի հատվածը կօրհնի Սերժ Սարգսյանին, քաղաքացիական ակտիվիստները կտոնեն հաղթանակը: Դա հաղթանակ կլինի նաև Սերժ Սարգսյանի ու նրա քաղաքական թիմի համար: 

Իշխանությունները, որոնք յուրաքանչյուր համապետական կեղծված ընտրություններից հետո սովորել են ամբոխին կառավարելու եղանակները, այդ թվում՝ թափելով սեփական ժողովրդի արյունը, անհրաժեշտության դեպքում կարող են դիմել բիրտ միջոցների: Քաղաքացիական ակտիվիզմը չափազանց կարևոր և մոբիլիզացնող ուժ է, սակայն այն ունի նաև մաշվելու վտանգ:

Հետևաբար, հիսուն դրամի կռիվը, եթե Հայաստանը ուզում է վերադառնալ Սահմանադրական կարգի հուն, պետք է վերածել անարդարության դեմ պայքարի: 

Հայաստանում անարդարության հիմքը ապօրինի իշխանություններն են: Չարիքի առանցքը քսան տարի շարունակվող կեղծվող ընտրություններն են: Բայց պետք է իրատես լինել: Սերժ Սարգսյանը չի հեռանա: Ավելին, իշխանությունների վճռականությունը թույլ կտա կրակել սեփական ժողովրդի ուղղությամբ, ինչպես Մարտի 1-ին, եթե զգան իշխանափոխության սպառնալիքը:

Այս խորհրդարանը, որը չի արտահայտում Հայաստանի քաղաքական ուժերի իրական հավասարակշությունը և հասարակության նվազագույն ակնկալիքները, կարելի է ցրել: Եթե չլինի համընդհանուր ճնշում, ապա Սերժ Սարգսյանը չի ցրի խորհրդարանը: Իր աթոռին վտանգ տեսնելու դեպքում միայն նա կգնա այդ ճանապարհով:

Խորհրդարանական նոր ընտրությունները կարող է լինել Սահմանադրական կարգի վերականգնման առաջին քայլը: Անշուշտ, քաղաքական ուժերը պետք է գան պայմանավորվածության առ այն, որ դրանք չեն կեղծվելու: Եթե խորհրդարանը ցրում ես, ապա՝ նոր ընտրությունները ավելի լայն ծավալներով կեղծում, այս խորհրդարանը չարյաց փոքրագույնն է:

Ոչ իշխանական կուսակցությունները, սակայն, կարծես չեն ուզում ընդհատել իրենց ամառային հանգիստը: Նրանք պետք է հասկանան, որ հիսուն դրամի կռիվը կարող է կայծ լինել համակարգային փոփոխությունների ճանապարհին:

Իսկ եթե ամեն ինչ թողնվի քաղաքացիական ակտիվիստներին, ապա դրանից գրեթե բան կամ շատ բան չի փոխվի: Իշխանությունները կարող են հրաժարվել հիսուն դրամից, բայց փոխարենը կգտնեն ժողովրդից հիսուն դրամ կորզելու այլ ոլորտներ:

Ի վերջո, բոլորը հասկանում են, որ իրական կռիվը հիսուն դրամի համար չէ: Մարդիկ, անգամ նրանք, ովքեր ապահովված են, անսահման կերպով հոգնել են անարդարություններից ու անորոշությունից: Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը իրավունք ունեն շարունակել իրենց ամառային հանգիստը արտերկրում, սակայն նույնն իրավունք չունեն ոչ իշխանական կուսակցությունները:

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում