Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի ղեկավար Արուսիկ Մկրտչյանը «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում քննարկեցին տրանսպորտի թանկացման խնդիրը:
«Թանկացման հիմքում դրված է տրանսպորտի մրցութային հանձնաժողովի կողմից կատարված հաշվարկը: Տնտեսվարողները ներկայացրել էին 150, 180, 200 դրամ, սակայն մրցութային հանձնաժողովը ներկայացրեց միկրոավտոբուսների համար 145 դրամ, իսկ ավտոբուսների համար 157.3 դրամ: Հիմք ընդունվեց դա,- նշեց Գևորգյանը:- Այսօր իրավիճակը վերահսկում է քաղաքապետարանը: Իրենք են մեզ դիմել, որ այս գներով չեն կարող աշխատել. ասել են՝ վառելիքի գինն իջեցրեք, բայց մենք կարող ե՞նք վառելիքի գին իջեցնել»:
Նրան հակադարձեց Արուսիկ Մկրտչյանը. «Ինչ-որ սակագին բարձրացնելուց առաջ նախ և առաջ պետք էր հաշվի առնել հասարակական կարծիքն ու վճարունակությունը: Մեզ մոտ ոչ թոշակներն են բարձրանում, ոչ՝ աշխատավարձերը, և նման վիճակը արդեն բերում է պանիկայի վիճակի: Նաև, եթե մարդկանց համար այդ միկրոավտոբուսներում, ուր երթևեկում են կռացած կամ մեկի գլխին նստած, ստեղծվեն ինչ-որ չափով նորմալ պայմաններ, գուցե մարդիկ կարողանան ընդունել այս գնաճը»:
Գևոգյանի խոսքով՝ թանկացման խնդիրը դրվել է դեռ տարիներ առաջ, սակայն անընդհատ հետաձգվել է: «Բացի դրանից, հասարակական տրանսպորտում սպասվում են մեծ փոփոխություններ: Ավտոբուսները բերվել են ու բերվում են, բայց, օրինակ, բանկերը չեն ֆինանսավորում, ասում են՝ հարյուր դրամով դուք չեք կարող շահութաբերություն ապահովել»,- նշեց նա:
Պատասխանելով Մկրտչյանի հարցին, թե արդյոք կարող են երաշխավորել, որ թանկացումից հետո որակական փոփոխություններ են լինելու՝ Գևորգյանն ասաց. «Առաջին, ես հանդիպել եմ Ստյոպա Սաֆարյանի և Արմեն Ռոստոմյանի [Ռուստամյանի] հետ, նրանց առաջարկել եմ, որ միասին քննարկենք հարցը, նրանք ասել են՝ գները իջեցրեք, նոր գանք նայենք. էդպես ճիշտ չի, ախր: Երկրորդ, վաղը մյուս օրվանից բոլորը կնկատեն, որ ոստիկանության հետ պայմանավորված է, որ կատեգորիկ արգելվում է միկրոավտոբուսները գերբեռնված վարել. կանգնած մարդ չպետք է լինի: Այն շահույթները լինում էին 14 տեղանոց միկրոավտոբուսով 20-22 հոգի տեղափոխելու հաշվին: Հիմա մեր հաշվարկները 14 տեղի համար են: Եթե գինը չաճեր, մենք չէինք կարող ավտոբուսներ բերել, բանկերը չէին ֆինանսավորի, իսկ այսօր արդեն տնտեսվարողը պատրաստ է, տասը երթուղի պիտի փոխարինվի ավտոբուսներով»:
«Եթե հասարակությունը պիտի հաշվի առնի, որ պետությունը գումար չունի ավտոբուս ձեռք բերելու համար, ինչո՞ւ պետությունը չի ուզում հասկանալ, որ հասարակությունն էլ գումար չունի այդ 150 դրամը վճարելու համար»,- դիտարկեց Արուսիկ Մկրտչյանը:
Գևորգյանը հավաստեց, որ առաջին հերթին բարձրանալու է վարորդների աշխատավարձը. «Այդ 50 դրամի 50 տոկոսը վարորդին է գնալու: Բացի այդ, մենք տեղադրել ենք էլեկտրոնային չվացուցակներ Մաշտոցի պողոտայի վրա: Դրանք բարեփոխումներ են, չէ՞»:
Civilnet











