Գլխավոր Լրահոս

Ինչպես կարձագանքի իշխանությունը

Հանրային տրանսպորտի թանկացման դեմ սկսված բողոքի ալիքին իշխանության հնարավոր արձագանքը կամ լուծումները իշխանության համար բավական բարդ են լինելու: Ըստ էության՝ իշխանության համար ստեղծվել է փակուղային իրավիճակ, և յուրաքանչյուր որոշում կարող է շրջվել իր դեմ:

Հնարավոր տարբերակ է համարվում, որ բարձրագույն իշխանության հրահանգով ոստիկանությունը կոշտ մեթոդներով փորձի վերջ դնել քաղաքացիների ընդվզմանը: Սակայն այս տարբերակը վտանգավոր է, քանի որ հասարակության սպասելի հակահարվածը իրավիճակը կարող է դուրս բերել վերահսկողությունից: 2008թ. փորձը, երբ իշխանությունը փորձեց բռնի ուժով զսպել համաժողովրդական ընդվզումը, դեռ թարմ է իշխանությունների հիշողության մեջ: Ավելին՝ բռնությունը կարող է էականորեն մեծացնել ընդվզող քաղաքացիների թվաքանակը: Իրադարձությունների հնարավոր նման զարգացումն ամենևին էլ չի համընկնում իշխանության նեղ անձնական շահերին:

Խաղաղ ճանապարհով քաղաքացիական ընդվզումը դադարեցնելու միակ ճանապարհը փոխզիջումային լուծում գտնելն է: Հնարավոր տարբերակ է համարվում «Տարոն ջան, սիրուն չի» սցենարով նախկին սակագնին վերադառնալը: Սակայն այս դեպքում հարց է առաջանալու, որ եթե հնարավոր էր նախկին սակագնով աշխատել, ի՞նչ տնտեսական հիմնավորումներ էիք ներկայացնում: Տպավորություն կլինի, որ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները սուրճի բաժակի շուրջ, աչքաչափով 50 տոկոսով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Այստեղ արդեն իսկ նկատվում է հանցակազմ, քանի որ մամուլում տեղեկություններ կան, որ գծատեր է ինչպես քաղաքապետը, այնպես էլ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Սա արդեն պաշտոնական դիրքի կոպիտ չարաշահում է՝ անձնական օգուտ ստանալու նպատակով: Այսինքն՝ իշխանությունը և իրավապահ մարմինները պետք է հստակ գնահատական տան Երևանի քաղաքապետի և առանձին չինովնիկների գործողություններին և նրանց քրեական պատասխանատվության ենթարկեն, ինչը, բնականաբար, քիչ հավանական է:

Նույն իրավիճակը կլինի նաև, օրինակ, ուղեվարձը 20 դրամով բարձրացնելու դեպքում. կրկին կառաջանա տնտեսական հիմնավորման անհրաժեշտություն, և կրկին կասկածի տակ կհայտնվի ավելի վաղ ներկայացրած տնտեսական հիմնավորումը: Իշխանությունն այս դեպքում կանգնում է քաղաքապետ փոխելու հրամայականի առաջ, որի ռեսուրսը այս պահին գրեթե չունի: Ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում, այս դեպքում ևս հստակ երևում է, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում համարժեք մարդ չէ, և նրա փոխարեն նախկինի պես որոշում է կայացնում Սերժ Սարգսյանը:                  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում