ԲՏԱ բանկի 2012թ. ֆինանսական հաշվետվության աուդիտորական եզրակացությունում Ernst and Young աուդիտորական կազմակերպությունը նշել է, որ 2012թ. դեկտեմբերի դրությամբ բանկը չի բավարարել Կենտրոնական բանկի հանձնարարականը՝ կանոնադրական կապիտալի ավելացման մասով։ Բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Նուր Բակբերգենովը ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասնել է ԿԲ հանձնարարականներն ու ներկայացրել բանկի կողմից ձեռնարկվելիք միջոցառումները։
— Պրն Բակբերգենով, ինչո՞վ է պայմանավորված, որ բանկը քայլեր չի ձեռնարկում ԿԲ-ի կողմից դրված սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։
— Նախ ասեմ, որ սահմանափակումները մտցվել են 2008թ. վերջին, 2009թ. սկզբին։ 2009թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափ սահմանվեց Դ5 մլրդ-ը. մինչ այդ նորմատիվային էր Դ2 մլրդ-ը։ Երբ ես ստանձնեցի բանկի ղեկավարությունը 2008թ., բանկում կապիտալի չափը չէր բավարարում նորմատիվային ցուցանիշին։ Այդ իսկ պատճառով ԿԲ-ն հանձնարարեց ավելացնել կանոնադրական կապիտալը, ինչը մի կողմից կծածկեր նախորդ տարիների կուտակային վնասը, մյուս կողմից՝ արդեն 2009թ. բանկը դուրս կգար Դ5 մլրդ նորմատիվային ցուցանիշի մակարդակի։ Սրանով էին պայմանավորված ԿԲ հանձնարարականները։
Իսկ սահմանափակումներն այսպիսին էին՝ Հայաստանի շուկայի սահմաններից դուրս գլխամասային բանկի հետ գործարքներ չիրականացնել, չներգրավել փոխառու միջոցներ 10%-ից բարձր տոկոսադրույքով, նոր մասնաճյուղեր չբացել։ Սահմանվել էր նաև մեկ վարկառուի գծով վարկի առավելագույն չափ։ Հետո բանկը, համաձայնեցնելով ԿԲ-ի հետ, իրականացրեց կապիտալի ուղղակի համալրում $3,4 մլն-ով։ Բացի այդ՝ գլխամասային բանկը («ԲՏԱ բանկ-Ղազախստանը») որոշում ընդունեց այլևս չհամալրել կապիտալը, այլ, համաձայնեցնելով ԿԲ-ի հետ, պրոբլեմային վարկերը փոխանցվեցին կոլեկտորային ընկերությանը, ինչի դիմաց բանկը ստացավ ևս $13 մլն։
2009թ. մենք դասակարգեցինք բոլոր խնդրահարույց վարկերը և ձերբազատվեցինք «տոքսիկ ակտիվներից»։ Իրականացված բոլոր գործողությունների արդյունքում մենք ապահովեցինք ընդհանուր կապիտալի նորմատիվային ցուցանիշը։
— Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ԿԲ-ն չի վերացնում սահմանափակումները։
— ԿԲ-ն մի քանի պատճառ ունի, այդ թվում՝ քաղաքական։ Մենք կատարել ենք ԿԲ այն բոլոր հանձնարարականները, որոնք վերաբերում են ընդհանուր կապիտալին, թեև բանկի կանոնադրական կապիտալը մնացել է նույնը։ Ստացվում է, որ ֆորմալ առումով (տառացիորեն) մենք չենք կատարել ԿԲ հանձնարարականները, սակայն, ըստ էության, կատարել ենք։ Ի վերջո, բանկն ապահովել է կապիտալի ավելացման պահանջի նպատակը՝ ազատվելով գործունեությանը խանգարող «տոքսիկ ակտիվներից»։
Մենք բաժնետերերի մակարդակում կոնֆլիկտ ունենք, ինչը խոչընդոտում է կանոնադրական կապիտալի ավելացումը։ «ԲՏԱ բանկ-Ղազախստանի» տնօրենների խորհրդի նախկին նախագահ Մուխտար Աբլազովը մեղադրվում է ֆինանսական մեքենայություններում։ Լոնդոնում արդեն ավարտվել է գործարարի հայցի լսումն ընդդեմ ԲՏԱ բանկի, և Լոնդոնի Բարձր ատյանի դատարանը որոշում է ընդունել հօգուտ «ԲՏԱ բանկ-Ղազախստանի»՝ պահանջելով գործարարից բռնագանձել $3,4 մլրդ։ Բռնագանձման ենթակա ակտիվների փաթեթում ներառված է նաև «ԲՏԱ բանկ-Հայաստանի» ակտիվների որոշ մասը։ Գործընթացը ենթադրում է, որ այն երկրներում, որտեղ գտնվում են Աբլազովի ակտիվները, պետք է որոշում ընդունվի դրանք «ԲՏԱ բանկ-Ղազախստանին» փոխանցելու համար։ Արդյունքում հայաստանյան բանկում գլխամասային բանկի մասնաբաժինը կկազմի 84%, իսկ 16%-ը կպատկանի «Մոբիլեքս էներջի լիմիթեդին»։
Սպասում ենք, որ բաժնետերերի միջև խնդիրը կլուծվի տարեվերջին։ Դրանից հետո մենք կդիմենք ԿԲ-ին՝ վերանայելու սահմանափակումները։ Հնարավոր է՝ ԿԲ-ն որոշում ընդունելիս հաշվի առնի նաև այն, որ վերջին երեք տարիներին բանկը շահույթով է աշխատել։
— Աուդիտորը եզրակացությունում նշել է, որ ԿԲ «հանձնարարականների չկատարման հանգամանքները վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել բանկի հետագա գործունեության անընդհատությունը, ինչը նշանակում է, որ բնականոն գործունեության ընթացքում հնարավոր չի լինի իրացնել ակտիվները և մարել պարտավորությունները»։ Կպարզաբանե՞ք։
— Կարծում եմ, որ աուդիտորները գործել են իրենց իրավասությունների շրջանակներում և տվել են այնպիսի եզրակացություն, ինչպիսին որ տվել են։ Աուդիոտորի այս տարվա եզրակացությունը, ի դեպ, ավելի դրական է, քան նախկինում։
Ինչ վերաբերում է իրացվելիության խնդրին, ապա 2009-ից հետո բանկը չի խախտել իրացվելիության նորմատիվը, ավելին՝ մեր ակտիվներն անգամ գերիրացվելի են։ Մենք միջբանկային վարկերի շուկայում ակտիվ խաղացող ենք, միշտ ազատ միջոցներ ունենք, իրացվելիության նորմատիվը 30%-ի շրջանակում է, այն դեպքում, երբ ԿԲ նորմատիվը 15% է։ Իրացվելիության բարձր մակարդակը պայմանավորված է նաև նրանով, որ բանկը չի կարող մեկ փոխառուի գծով մեծ ծավալի վարկեր տրամադրել։
— Խնդիրները հարթվելու դեպքում բանկը Հայաստանում ակտիվ զարգացման գործընթաց կսկսի՞, թե՞ բաժնետերերը, այնուամենայնիվ, կլքեն հայկական շուկան՝ վաճառելով բանկը։
— Այսօր միանշանակ կարող եմ ասել, որ մենք չենք դադարեցնելու գործունեությունը Հայաստանում՝ նույնիսկ ԿԲ սահմանափակումների պարագայում։ Կարծում եմ՝ ԲՏԱ խմբի համար հայկական բանկը որակյալ ակտիվ է, մենք Հայաստանի և Ղազախստանի ռազմավարական համագործակցության ֆորպոստ ենք։
Ղազախստանի համար կարևոր է Հայաստանի հետ համագործակցությունը թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակում, թե՛ ԱՊՀ-ի, թե՛ Մաքսային միության, որին հնարավոր է միանա նաև Հայաստանը։ Հայ և ղազախ գործարարները հետաքրքրված են Ղազախստանում և Հայաստանում տնտեսական գործունեությամբ, և բանկը այս հարցում կարող է և պետք է լինի համագործակցության լոկոմոտիվը։
Վերջին չորս տարիներին բանկում տեղի է ունեցել ակտիվների վերակառուցում. նախկինում մենք տրամադրում էինք 14-15 խոշոր վարկ և, ըստ էության, կորպորատիվ բանկ էինք։ Սա պայմանավորված էր նրանով, որ Ղազախստանից ներգրավում էինք էժան փողեր, իսկ կորպորատիվ սեգմենտում բանկային մրցակցությունը թույլ էր։
Հետո պարզվեց, որ այդ վարկերը չեն աշխատում, և մեր բանկը կանգնեց խնդիրների առջև։ Հայաստանում նշանակվելով տնօրեն՝ իմ առջև խնդիր էր դրված վերակառուցել այդ ակտիվները։ Այսօր վարկային պորտֆելում բանկն արդեն խոշոր կորպորատիվ վարկեր չունի։ Պորտֆելի հիմնական մասը փոքր և միջին բիզնեսի և սպառողական վարկերն են, որոնք չեն գերազանցում $50 հազ-ը, իսկ մարման ժամկետը միջինը 4-5 տարի է։ Բանկում այսօր վարկերի չվերադարձելիության մակարդակը 1%-ից ցածր է։
Եթե ԿԲ-ն հանի սահմանափակումները, բանկի հետագա զարգացումը ես տեսնում եմ փոքր և միջին բիզնեսի վարկավորման և սպառողական վարկերի սեգմենտում։ Բանկի կառուցվածքը դա թույլ է տալիս։
— Բայց եթե հաշվի առնենք, որ այդ սեգմենտում առկա է լուրջ մրցակցություն, և մի քանի բանկ արդեն իսկ դիրքավորվել է, ինչպե՞ս եք տեսնում ԲՏԱ բանկի առաջխաղացումը։
— Ես հարգում եմ մեր մրցակիցներին և կարծում եմ, որ մենք նույնպես կարող ենք առաջարկներ ներկայացնել շուկային։ ԲՏԱ խումբը աշխատում է ԱՊՀ բոլոր շուկաներում, և մենք կարող ենք առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք առնվազն կլինեն մրցակցային և առանձնահատուկ։
Բացի այդ՝ Հայաստանի գործարարների համար ղազախական շուկա մուտք գործելը լավ հնարավորություն է բիզնեսն ընդլայնելու համար, քանի որ հետագայում հնարավորություն կընձեռնվի մուտք գործել նաև Ռուսաստանի շուկա։ Ղազախստանում իրականացվում են գործարարության խրախուսման, ներկրման, տնտեսության առաջնային ճյուղերի, բիոտեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների, կանաչ էներգիայի օժանդակության ծրագրեր։ Հայ գործարարները, Ղազախստանում մասնաճյուղեր բացելով, հնարավորություն են ստանում օգտվել այդ ծրագրերից և իրացնել արտադրանքը ղազախական շուկայում։
Մենք աջակցելու ենք ոչ թե բիզնեսը Ղազախստան տեղափոխելուն, այլ տեխնոլոգիաների արտահանման ծրագրերին։ Պարզ ասած՝ տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների գլխամասերը կլինեն Հայաստանում, իսկ այդ տեխնոլոգիաների հիման վրա փոքր արտադրությունները կարող են տեղափոխվել Ղազախստան։
Բացի այդ՝ օգոստոսին կայանալու է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որում բանկը հանդես է գալու գործարարներին կապող կառույց ստեղծելու առաջարկով։
— Հայաստանում 2015թ. նախատեսվում է ներդնել Բազել 3-ը։ Դուք արդեն պատրաստվո՞ւմ եք դրան, թե՞ դեռ զբաղված եք ընթացիկ խնդիրներով։
— Մենք նախապատրաստվում ենք բանկային համակարգում ներդրվող այդ նոր նորմատիվներին։ Բազել 3-ի դեպքում մեծ դերակատարություն ունի Կենտրոնական բանկը, որը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, հստակ պատկերացնում է իր դերը և պատասխանատվությունը։
ԿԲ նախաձեռնությամբ արդեն կազմակերպվում են վերապատրաստումներ ինչպես ղեկավարների, այնպես էլ ռիսկմենեջերների համար։ Բազել 3-ի ողջ տրամաբանությունը ռիսկմենեջերի պատասխանատվության տեղափոխումն է ամբողջ բանկի վրա։ Պարզ ասած՝ ռիսկերի կառավարման գործընթացին մասնակցում է թե՛ տնօրենների խորհուրդը, թե՛ վարչությունը։ Եթե օրինակ՝ հինգ տարի առաջ ռիսկերը վերաբերում էին միայն վարկերին, ապա այսօր այդ հասկացության մեջ ներառվում է ամեն ինչ։
Զրուցել է Արմենակ Չատինյանը
Civilnet











