Գլխավոր Լրահոս

Գործադիրը հարկային մոտեցումները կվերանայի ուղեցույցով

Գործադիրը հարկային մոտեցումները կվերանայի ուղեցույցով

Կառավարությունը հարկային և մաքսային օրենսդրության ռազմավարական սկզբունքների վերայանումը կիրականացնի ուղեցույցով։ Հուլիսի 25-ին կառավարության նիստին ընդունված որոշման համաձայն՝ առաջիկա տասնամյակի ընթացքում ռեսուրսային շրջանակի ընդլայնման հիմնական աղբյուր պետք է հանդիսանան հարկային եկամուտները, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մինչև 2025թ. ավարտը պետք է կազմի 27-28%։ Բացի այդ՝ հարկային և մաքսային վարչարարության բարելավումը պետք է դիտարկվի որպես գործարար և ներդրումային միջավայրի առաջիկա բարեփոխումների գերակայություն։

Կառավարության ընդունված փաստաթղթում նշվում է, որ հարկային եկամուտների աստիճանական աճի միջոցով ռեսուրսային շրջանակի ընդլայնման և գործարար միջավայրի բարելավման ու մրցունակության ապահովման նպատակները անխուսափելի հակադրություններ ունեն իրենց մեջ։ «Հետևաբար, եթե նույնիսկ հաշվի առնենք այն, որ վարչարարության բարեփոխումները կարող են իրականացվել առանց որևէ բացասական հետևանքի, ապա հարկման բազայի ընդլայնմանն ուղղված քաղաքականությունը չի կարող իր ոչ բարենպաստ ազդեցությունը չունենալ ներդրումների և տնտեսական գործունեության ընդլայնման վրա»,- փաստաթղթում նշել է ֆինանսների նախարարությունը: Ըստ նախարարության՝ նպատակային պետք է համարվի հարկային եկամուտների՝ անհրաժեշտ մակարդակով աճը (ներառյալ հարկման բազայի ընդլայնման միջոցով), իսկ գործարար միջավայրի և հարկային համակարգի տարածաշրջանային մրցունակության հիմնախնդիրները պետք է դիտարկվեն որպես սահմանված նպատակին հասնելու սահմանափակումներ։

Հայաստանում պետք է ձևավորել այնպիսի հարկային ու մաքսային համակարգեր, որոնք իրենց գրավչությամբ, կայունությամբ ու արդիականությամբ մրցունակ կլինեն առնվազն տարածաշրջանային համանման համակարգերի համեմատությամբ, ասվում է փաստաթղթում։

Կառավարությունը ընդունված փաստաթղթով նախանշել է, որ առաջիկա տարիներին հարկային քաղաքականության հիմնական ուղղություններ են մնալու հարկային արտոնությունների շրջանակի կրճատումը, հարկման բազայի առավելագույն ընդլայնումը, նոր հարկային արտոնությունների տրամադրումը միայն բացառիկ դեպքերում, հարկային արտոնությունների ժամանակային սահմանափակվածությունը։

Նախատեսվում է, որ հարկային արտոնությունների կրճատումը կատարվելու է այն սեգմենտներում, որոնց ազդեցությունը տնտեսության զարգացման տեսանկյունից գնահատվում է ցածր, և որոնց կիրառության նպատակահարմարությունը չի հիմնավորվում «ծախսեր-օգուտներ» վերլուծությունների արդյունքներով։ Այսինքն, բոլոր այն հարկային արտոնությունները, որոնց կիրառության արդյունքում սպառողների ու տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվող «օգուտները» համարժեք չեն պետության կրած «ծախսերին», աստիճանաբար կրճատվելու են։

Նախատեսված է, որ միջոցառումներ են ձեռնարկվելու տնտեսության տարբեր ոլորտների միջև հարկային բեռի անհամամասնությունների չեզոքացման ուղղությամբ՝ նոր հարկվող օբյեկտների սահմանման, ինչպես նաև առկա հարկման բազան առավել արդյունավետ ու լիարժեք ձևով հարկման ենթարկելու համար։

Դրա շրջանակում քննարկվելու է նաև դիզելային վառելիքի՝ ԱԱՀ-ով հարկման հարցը, քանի որ հարկման արդարության ու վարչարարության արդյունավետության տեսանկյունից հիմնավոր չէ բենզինը ԱԱՀ-ով հարկելը, իսկ դիզվառելիքը՝ ոչ։

Ֆինանսների նախարարությունը վստահեցրել է, որ ուսումնասիրվելու է Հայաստան ներմուծվող ապրանքների մասով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի գանձումը մաքսային սահմանից փուլ առ փուլ դեպի ներքին տարածք տեղափոխելու հնարավորությունները։

Մյուս կողմից՝ նախարարությունը նշել է, որ քաղաքականության այդպիսի փոփոխությունը ենթադրում է մեծ ֆիսկալ ազդեցություն պետական բյուջեի հարկային եկամուտների վրա, ինչը նշանակում է, որ նման համակարգային փոփոխություն կատարելու հնարավորություններն պետք է նախապես ուսումնասիրվեն և գնահատվեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում