Գլխավոր Լրահոս

Խոշորներին գլխավորում է «ՀայՌուսգազարդը»

Խոշորներին գլխավորում է «ՀայՌուսգազարդը»

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ըստ այդմ՝ այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել Դ313,8 մլրդ-ի հարկեր և տուրքեր, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 19,8%-ով կամ 51,92 մլրդ-ով։ Եթե հաշվի առնենք, որ այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքով միավորվել են նախկինում աշխատակցի և գործատուի կողմից վճարվող եկամտային հարկն ու պարտադիր սոցվճարները, ապա իրականում հարկային մուտքերն ավելացել են 13,4%-ով կամ Դ37 մլրդ-ով։

Օրենսդրական փոփոխության արդյունքում այս տարի խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերում ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտային հարկ) մասնաբաժինը կազմել է 35% կամ Դ109 մլրդ, այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակահատվածում այն 27% էր։

Այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է «ՀայՌուսգազարդը»՝ վճարելով Դ19,4 մլրդ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է Դ1,2 մլրդ-ով (6,6%) և պայմանավորված է հիմնականում միասնական եկամտային հարկի ներդրման հանգամանքով։

Ցուցակի երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ Դ12,8 մլրդ-ով։ Սա 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի Դ1,46 մլրդ-ով (12,9%-ով)։ Աճը կրկին պայմանավորված է ուղղակի հարկերի ավելացմամբ։

Երրորդ և չորրորդ հորիզոնականներում հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ են՝ «Ղ- Տելեկոմը» և «ԱրմենՏելը», որոնք վճարել են համապատասխանաբար՝ Դ11,19 մլրդ և Դ7,5 մլրդ։ «Ղ-Տելեկոմի» վճարած հարկերի ծավալն ավելացել է մոտ Դ4 մլրդ-ով կամ 54%-ով, «ԱրմենՏելինը»՝ Դ1,5 մլրդ-ով կամ 25%-ով։

Խոշոր հարկատուների ցուցակի հինգերորդ տեղը զբաղեցրել է գործարար Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ վճարելով Դ6,74 մլրդ։ Ընկերության վճարած հարկերի ծավալը կրճատվել է Դ2,53 մլրդ-ով կամ 27%-ով։ Սա ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ «Ալեքս Գրիգը» առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների շուկաներում գերիշխող դիրք ունի, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը նույնպես պատկանում է այս ընկերությանը։

Վեցերորդ հորիզոնականում նավթամթերքի շուկայի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ֆլեշն» է. ընկերության վճարած հարկերի ծավալն անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 10,3%-ով, կամ Դ521 մլն-ով՝ կազմելով Դ5,56 մլրդ։ Հարկերի ծավալի աճը տեղի է ունեցել մի կողմից ուղղակի հարկերի հաշվին, մյուս կողմից՝ այս տարի ևս գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից սուբսիդավորվող դիզվառելիքը ներկրել է հենց այս ընկերությունը։

Այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում յոթերորդը «Գեո Պրո մայնինգ գոլդ» (Արարատի ոսկու գործարան) ընկերությունն է՝ 5,36 մլրդ-ով, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի Դ2,9 մլրդ-ով կամ 1,2 անգամ։ Աճն ապահովվել է մաքսային մարմինների կողմից հավաքագրումների հաշվին, ինչը կարող էր տեղի ունենար նոր սարքավորումների, տեխնիկայի ներկրման արդյունքում։

Ութերորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է՝ վճարելով Դ4,66 մլրդ (անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է Դ48 մլն-ով կամ 1%-ով)։

Իններորդ հորիզոնականը զբաղեցրել է «Սամ Սեր գրուփը», որը ըստ շրջանառվող լուրերի, նույնպես փոխկապակցված Սամվել Ալեքսանյանի հետ և զբաղվում է գոմեշի մսի ներկրմամբ։ Ընկերությունը վճարել է Դ4 մլրդ. սա անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելի է Դ1,5 մլրդ-ով կամ 60%-ով։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակել է «Սիփի օիլ քորփորեյշեն»-ը՝ վճարելով Դ3,2 մլրդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում