Գլխավոր Լրահոս

Պարտքը կաճի, ցուցանիշները կբարելավվեն

Պարտքը կաճի, ցուցանիշները կբարելավվեն

Առաջիկա երեք տարիներին կառավարությունը ծրագրում է պետական պարտքը բացարձակ թվով ավելացնել 20,1%-ով՝ 2016թ. վերջին հասցնելով Դ2,2 տրլն-ի, պետպարտք/ՀՆԱ ցուցանիշն ընթացիկ տարվա համեմատ կնվազի 4,4-տոկոսային կետով՝ մինչև 37,3%։ Այս ընթացքում արտաքին պետական պարտքը բացարձակ թվով կաճի 12,5%-ով՝ հասնելով $4,3 մլրդ-ի, արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի 4,7-տոկոսային կետով՝ մինչև 30,1%։

2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ֆինանսների նախարարությունը նշել է, որ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանն արդեն համարվում է միջին եկամուտ ունեցող երկիր. արդյունքում խիստ նվազելու է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրումը, և կառավարությունը դիտարկելու է արտաքին կապիտալի շուկաներից միջոցների ներգրավման հնարավորությունը։

«Երկարաժամկետ հատվածում պարտքի կառավարման նպատակներից է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու միջոցների տեսակարար կշռի մեծացումը, քանի որ վերջինս նվազեցնում է անվճարունակության (դեֆոլտի) հավանականությունը, փոխարժեքի հետ կապված ռիսկերը։ Բացի այդ՝ հնարավորություն է ընձեռում ներգրավել և արդյունավետ օգտագործել համախառն ազգային խնայողությունները, հիմքեր է ստեղծում ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա զարգացման համար»,– նշել է ֆինանսների նախարարությունը փաստաթղթում։

2014-2016 թթ. շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ծավալը նախատեսվում է ավելացնել Դ123,6 մլրդ-ով։ Բացի այդ՝ պարտքի կառավարման քաղաքականության շրջանակներում կարճաժամկետ հատվածում կլինեն 3-12 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերի թողարկումներ, որոնք չեն ավելացնի կառավարության պարտքի սպասարկման բեռը, քանի որ դրանց տեղաբաշխումից ստացված հասույթը նույն պայմաններով կավանդադրվի Կենտրոնական բանկում։

Ֆինանսների նախարարությունը քայլեր է նախատեսում պետական պարտատոմսերի մանրածախ շուկայի զարգացման և խնայողական պարտատոմսերի ներդրողների շրջանակը մեծացնելու ուղղությամբ։

Փաստաթղթում գնահատվել են նաև պետական պարտքի փոխարժեքի ռիսկերը։ «Թեև դրանք առկա են, քանի որ պետական պարտքի գերակշիռ մասը արտարժույթով է՝ սթրես-թեստերի միջոցով ստացված գնահատականներով ազգային արժույթի մինչև 20% արժեզրկման պարագայում պարտքի սպասարկման գծով խնդիրներ չեն առաջանա»,– նշվում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։

Ըստ ֆինանսների նախարարության՝ կառավարության արտարժութային պարտքի մարումների հետ կապված արտարժույթի առկայության ռիսկեր չեն առաջանա, քանի որ վճարումների համար անհրաժեշտ արտարժույթի ծավալը 2013-2016 թթ. համար կկազմի ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին ակտիվների ծավալի մինչև 9%-ը։ «Փոխարժեքի ռիսկի արդյունավետ կառավարման տեսանկյունից ապագայում չի բացառվում, որ պարտքի կառավարիչները կօգտագործեն աշխարհում տարածված հեջավորման տարբեր մոտեցումներ (օրինակ՝ արտարժութային սվոփներ)»,– ասվում է ծրագրում։

Առաջիկա երեք տարիներին Հայաստանի արտաքին պարտքը կաճի 12,5%-ով և 2016թ. վերջին կկազմի $4,3 մլրդ։ Ընդ որում՝ արտաքին պետպարտքում տեղի կունենա կառուցվածքային փոփոխություն։ Այսպես, եթե այս տարի արտաքին պարտքի 86,8%-ը բաժին է ընկնելու կառավարությանը, իսկ 13,2%-ը՝ ԿԲ-ին, ապա 2016թ. արտաքին պարտքում ԿԲ-ի մասնաբաժինը կնվազի մինչև 9,8%, մնացած մասը բաժին կընկնի կառավարությանը։ Բացի այդ՝ պետական պարտքում լողացող տոկոսադրույքով վարկային միջոցների մասնաբաժինը կավելանան 2,1-տոկոսային կետով՝ 2016թ. կազմելով 30,1%։

Չնայած արտաքին պարտքի բացարձակ թվով աճին՝ ընդհանուր առմամբ բարելավվելու են պարտքը բնութագրող ցուցանիշները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում