Սիրիայի հյուսիսում քրդերի և «Ալ Կաիդայի» հետ կապված «Էլ Նուսրա» արմատական իսլամիստական խմբավորման միջև կռիվները լայնածավալ բնույթ են ստանում, գրում է թուրքական Milliyet-ը:
Սիրիայի քրդական կազմակերպությունները զորահավաք են հայտարարել այն բանից հետո, երբ «Էլ Նուսրան» տանկերի և այլ ծանր զրահատեխնիկայի միջոցով հարձակվել է քրդական շրջանների վրա:
Մասնավորապես` կոչ է արվել քուրդ երիտասարդներին մասնակցել «սրբազան դիմադրությանը» և պայքարել շրջանում հաստատված «Ալ Կաիդայի» և իսլամիստական այլ խմբավորումների դեմ, որոնք բռնի ուժ են գործառրում քրդերի նկատմամբ: Այս կոչից հետո Սիրիայից, Թուրքիայից, Իրանից և Հյուսիսային Իրաքից հարյուրավոր երիտասարդներ են ժամանել` մասնակցելու «Էլ Նուսրայի» դեմ կռիվներին:
Ըստ երևույթին` այս ամենը կռիվներում քրդերի համար տվել է իր դրական արդյունքները, քանի որ, ինչպես նշում է Milliyet-ը, «Էլ Նուսրան» ծանր հարվածներ է ստացել և կորուստներ կրել:
Քրդական ռազմական ուժերի տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, որ հուլիսի 26-27-ը տեղի ունեցած երկրօրյա մարտերում «Ալ Կաիդան» տվել է 68 զոհ, իսկ քրդերի կորուստներն անհամեմատ քիչ են:
Այդուհանդերձ, Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում կռիվները չեն դադարում: Վերոնշյալ արմատական խմբավորումները, որոնք ստանում են նաև Թուրքիայի աջակցությունը, պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ: Սակայն քրդերը թույլ չեն տալիս այս խմբավորումներին հաստատվել իրենց բնակավայրերում, այլ իրենք են իրենց ձեռքը վերցնում քրդաբնակ շրջանների վերահսկողությունը:
Civilnet











