Գլխավոր Լրահոս

Մենք մարշրուտկի բեռ ենք

Երևանում հանրային տրանսպորտի սակագինը նախկին 100 դրամի վերադարձնելը դրական էր գոնե երկու պատճառով:

Առաջին, սակագինը անորոշ ժամկետով չբարձրացավ միանգամից հիսուն տոկոսով: Սա նշանակում է, որ գծատերերը, որոնց մեջ քիչ չեն իշխող Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչները, այդ թվում՝ պատգամավորները, զրկվում են օրական 70-ից 100 հազար դոլար ընդհանուր հավելյալ երկամուտից: Հիսուն դրամով թանկացման դեպքում երևանցիների գրպանից նրանք օրական տանում են հենց մոտավորապես այդքան գումար: 

Երկրորդ, փողոց դուրս եկած քաղաքացիները, հատկապես երիտասարդությունը, զգաց, որ իր ձայնը լսելի է, որ իրենք կարող են բան փոխել, տոնել փոքր, բայց կարևոր հաղթանակներ: Այն խանդավառությունը, որ տեսնում էինք Երևանի կանգառներում, ձգողական ուժ ուներ: Դրանից ոգեշնչվում էին անգամ նրանք, ովքեր անտարբեր էին:

Մյուս հարցերի պատասխանները՝ ո՞վ էր կանգնած այս բողոքի շարժման հետևում, արդյոք իշխանական շրջանակները չէի՞ն տաքացնում այն, ի՞նչու էին Բաղրամյան 26-ի կրնկի տակ գտնվող հեռուստաընկերությունները այդպես կրքոտությամբ լուսաբանում բողոքի ցույցերը և այլն,  թողնում ենք ավելի հարմար ժամանակների կամ պարզապես չտեսնելու տալիս:

Հիմա վերադարձել ենք ելման կետ. սակագինը չի բարձրացել, բողոքող երիտասարդությունը (լայն հաշվով՝ տրանսպորտից բոլոր օգտվողները) հասել է նպատակին՝ թույլ չտալով թանկացում: Իշխանությունների մոտ էլ կարծես խուճապ չկա. վարչապետը գոհ-գոհ ասում էր, թե քաղաքացիական հասարակություն է ձևավորվում:

Բայց չլուծվեց հիմնական խնդիրը, որը չի լուծվել վերջին քսան-քսանհինգ տարիներին Երևանի բոլոր քաղաքապետերի օրոք:

Արդյոք շարունակելու ե՞նք հարյուր դրամով երթևեկել գերբեռնված տրանսպորտով: Երբ գինը մնաց հարյուր դրամ՝ քաղաքային իշխանությունները մտածելու ե՞ն քաղաքացիները տեղաշարժը հարմարավետ և արժանապատիվ դարձնելու ուղղությամբ: Մյուս կողմից՝ իսկ եթե 150 դառնար, արդյոք բարելավվելու է՞ր տրանսպորտի վիճակը:

Բոլոր նրանք, ովքեր վերջին քսան-քսանհինգ տարիներին ամեն օր օգտվում են հանրային տրանսպորտից, ծանոթ են այն իրավիճակին, որը նկարագրում եմ:

Հուլիսյան տապին 13-տեղանոց մարշրուտկան գազանանոցի ճանապարհին բղավելով բարձրանում է ժամում 20 կմ արագությամբ: Կանգառում կանգնած ինչ-որ մեկը ամբողջ ուժով  փակել է դուռը, և «Գազելը» մի կերպ պոկվել է տեղից: Ներսում 38 ուղևոր կա կամ երկուսուկես տոննա բեռ: Իրականում, այո, մենք բեռ ենք կամ գլխաքանակ, որոնց վարորդը տեղափոխում է անձ-գլուխը 100 դրամով: Գազանանոցի կանգառում վարորդը մեքենան բեռնում է ևս երկու հարյուր կիլոգրամով կամ երեք գլխով:

Լսվում են բողոքի ընդվզումներ. «Վարո´րդ, էս ի՞նչ ես անում, հո բեռ չես տեղափոխում», «Վարորդ, էս շոգին…»

«Գազելի» շարժիչի բղավոցը խեղդում է բողոքողների ընդվզման ձայները: Վարորդը չի էլ լսում: Վարորդը գիտի, որ ինքը հարյուր դրամով բեռ է տեղափոխում, իսկ բեռը իրավունք չունի ձայն հանելու: Այն կարող է ծռվել, կքել, հայտնվել մեկ այլ բեռի տակ, թրջվել քրտինքից, վնասվել, բայց ոչ երբեք՝ ընդվզել: Վարորդի ընտանիքի անդամները՝ կինը, որդին, դուստրը և թոռները, ևս օգտվում են հանրային տրանսպորտից, 100 դրամ վճարում մեկ այլ վարորդի և հեզ ու համբերատար որպես բեռ տեղափոխվում քաղաքի Ա կետից մինչև Բ կետը:

Երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում էր, որ անհնար է 100 դրամ սակագնով ապահով և շուկայական տեսանկյունից շահութաբեր տրանսպորտային ուղևորափոխադրումներ իրականացնել, հավանաբար հիմնավոր էր: Բանական մարդու համար ակնհայտ է, որ հնարավոր չէ 100 դրամով արժանապատվորեն և անվտանգ մարդ փոխադրել անգամ գազի չթանկացման դեպքում:

Տրամաբանական հարց է ծագում. իսկ այս գծատեր պատգամավորները այսքան տարի վնասո՞վ էին աշխատեցնում իրենց գծերը: Իհարկե՝ ոչ: Անգամ մեկ օր նրանք վնասով չեն աշխատել: Պարզապես նրանք և նրանց տրանսպորտային միջոցները ոչ թե մարդ էին տեղափոխում, այլ բեռ: Ամեն օր նրանց մարշրուտկաները կանգառից կանգառ տեղափոխում էին ոչ թե 13 մարդ, ինչպես նախատեսված է, այլ կրկնակի կամ եռակի ավելի: Ահա այս պայմաններում է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորի համար հնարավոր դառնում 100 դրամով գիծ պահել, հարստանալ, քիչ թե շատ բավարարել վարորդին, մի քանի կոպեկ շպրտել պետական գանձարան և տեղափոխել ստորացված ու կքած, բայց 100 դրամ վճարող երևանցիների:

Հավանաբար ժամանակն է, որ քաղաքային իշխանությունները նախ փորձեն բարելավել տրանսպորտի վիճակը, ապա նոր միայն մտածեն իրենց և գծատեր պատգամավորների համար հավելյալ եկամուտներ ապահովելու մասին: Գուցե այդ դեպքում սակագնի, ընդ որում՝ տրամաբանական, թանկացման դեմ նման ընդվզում չլինի: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում