Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգում ավանդների պորտֆելն աճել է 17%-ով կամ Դ207 մլրդ-ով՝ հունիսի վերջին կազմելով Դ1,4 տրլն։ Աճն ապահովել են հիմնականում արտարժութային ավանդները, ընդ որում՝ ոչ ռեզիդենտների։
Հաշվետու ժամանակահատվածում արտարժութային ավանդներն ավելացել են Դ180 մլրդ-ով (21,3%-ով), ծավալի Դ138,4 մլրդ-ը բաժին է ընկել ոչ ռեզիդենտներին։ Հունվար-հունիսին ավանդների կառուցվածքում դոլարային ավանդների մասնաբաժինն ավելացել է 2,5 տոկոսային կետով՝ հունիսի վերջին կազմելով 72,24%։ Առանց ոչ ռեզիդենտների ավանդների՝ դոլարիզացիան կրճատվել է 0,2 տոկոսային կետով՝ հունիսի վերջին կազմելով 63,1%։
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքից երևում է, որ ազգային արժույթին հիմնականում վստահել են տնային տնտեսությունները։ Հաշվետու ժամանակահատվածում տնային տնտեսությունների ժամկետային ավանդներն աճել են մոտ Դ22 մլրդ-ով կամ 16%։ Մյուս կողմից՝ ավելացել է տնային տնտեսությունների նաև արտարժութային ժամկետային ավանդների պորտֆելը՝ Դ38,1 մլրդ-ով։
Տնային տնտեսությունների ժամկետային թե՛ դրամային, թե՛ դոլարային ավանդների ծավալի աճը պայմանավորված է ինչպես բանկերի տոկոսադրույքների քաղաքականությամբ, այնպես էլ բնակչության սպասումներով։ Այս տարվա առաջին կիսամյակում մեկ տարի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 12%, արտարժութային ավանդներինը՝ 8%։
Բանկային համակարգի նկատմամբ ֆիզիկական անձանց վստահության աճը ողջունելի է. մյուս կողմից՝ մտահոգիչ է ավանդների ավելացումը։ Բանն այն է, որ հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 6,5%, այն դեպքում, երբ առաջին կիսամյակում միջին աշխատավարձերն աճել Են 2,7%-ով։ Գնողունակության անկման պայմաններում ավանդների պորտֆելի աճը խոսում է սպառողների շրջանում բացասական սպասումների ու անորոշությունների մասին. բնակչությունը նախընտրում է կուտակել միջոցները։
Civilnet











