Գլխավոր Լրահոս

Սիրիայի քրդերի ինքնակառավարումը և թուրքական զգուշացումները. Շահան Գանտահարյան

Սիրիայի քրդերի ինքնակառավարումը և թուրքական զգուշացումները. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Սիրիայի քրդերի ինքնակառավարումը և թուրքական զգուշացումները» վերնագրով հոդված է հրապարակել: Այն ներկայացված է ստորև:

Հյուսիսային Սիրիայում քրդական իրողական ինքնավարությունը հետզհետե ձևավորվում է ու կայանում: Ներքրդական բանակցություններն արդեն խոսում են իրողական ինքնավարությունը իրավական հարթություն տեղափոխելու մասին:  ևրոպական կառույցներին այս առումով դիմումներ են կատարվում և  ներկայացուցչական հաստատություններ առաջացնելու ուղղությամբ բարձրաձայն քննարկումներ են տեղի ունենում: Իբրև թե փակ խորհրդակցություններից արտահոսքի ձևով դուրս եկած տեղեկություններ են հրապարակվում այս բոլորը հաստատող: Նույնիսկ ինքնավար Քուրդիստանի սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման ենթակա է:

Այս բոլորը անշուշտ  հանրային կարծիքը պատրաստելու համար է, թէ Սիրիայում քրդական ինքնավարությունը կայացման ընթացքի մեջ է և իբրև քաղաքական միավոր ճանաչման հրամայական պիտի առաջադրի: Առաջատար ուժը Ժողովրդավարական միություն կուսակցությունն է, որ այս ուղղությամբ քրդական տարբեր խմբավորումների հետ  է բանակցում:

Առաջադրանքները, որոնք հայտարարվում են Ժողովրդավարական միություն կուսակցության  կողմից, փորձում են զգուշավորություն պահել: Նրանք խնդրո առարկա չեն դարձնում Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ավելի օգտագործում են ինքնակառավարում բառակապակցությունը: Զգուշավորությունը սակայն երկկողմանի է. և հակառակ սիրիական տարբեր ճակատների հետ արձանագրված սահմանափակ միջադեպերին, թե՛ կառավարական և թե՛ հակակառավարական ուժերը զգուշավորության սահմանագիծը թվում է, թե հարգում են քրդերի նկատմամբ:

Խնդիրը, սակայն, սիրիական կողմերի նկատմամբ և փոխադարձաբար կիրառվող քաղաքականություններին չի վերաբերում, որքան այս զարգացումներով հիմնական մտահոգ և անհանգիստ վիճակ ցուցաբերող Անկարային:

Թե՛ թուրքական և թե՛ միջազգային մամուլը խոսում է անցնող ուրբաթ Անկարայից հնչած  ազդարարության մասին: Վարչապետ Էրդողանը զգուշացրել էր քրդերին հյուսիսային Սիրիայում Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քայլեր առնելիս` ակնարկելով ինքնավար Քուրդիստանի հայտարարության հավանականությանը:

Նման ոճով, կիսասպառնական հայտարարություններով Անկարան միայն Սիրիայի վարչակարգին և Սիրիայի քրդերի հետ չէ, որ խոսում է: Եգիպտոսում ծայր առած շարժումը, իսլամական վարչակարգի տապալումը հայտնապես խոր անհանգստության է մատնել Թուրքիայի իսլամական վարչակարգի ղեկավարներին: Կահիրեի և Անկարայի իշխանությունների երևութական դիմագծերը, անշուշտ տարբեր հանգամանքներով ու պայմաններով զուգահեռներ ունեն (ունեին): Իսլամական վարչակարգերը, որոնց հակակշիռը զինվորականությունն է, որ երկրի ու պետության շահերից մեկնած միջամտություն կատարելու մղձավանջի տակ  է պահում գործող իշխանություններին:

Իսլամական վարչակարգի տապալումը Կահիրեում կշարունակի անհանգիստ վիճակում պահել նույն բնութագիրը ունեցող թուրքական իշխանություններին: Առանց մոռանալու անշուշտ, որ Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան հիմնական մրցակիցներ են արաբական աշխարհի և հատկապես սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու առաջնային գործոնի դիրքը գրավելու մրցավազքում:

Սակայն, եթե Եգիպտոսում գաղափարակից վարչակարգի տապալումը անհանգստացնում է Անկարայի վարիչներին, Սիրիայում քրդական ինքնավարության կայացումով համաքրդական միավորման ուրվականը շատ ավելի խոր տագնապի  է առաջնորդում Էրդողանին ու իր վարչախմբին: Այս մեկը արդեն Թուրքիայի տարածքային ամբողջականությանը սպառնացող լրջագույն վտանգ է, որը օրից  օր ավելի տեսանելի  է դառնում:

Հիմա նայենք ընդհանուր համապատկերին` Անկարայից դիտված: Վայրիվերումներով հատկանշվող և հաճախ մրցակցային լարվածությամբ դրսևորվող հարաբերություններ Իրանի հետ. ոչ միայն խզված, այլ թշնամական հարաբերություններ Դամասկոսի հետ, սպառնական մոտեցումներ հյուսիսային Սիրիայում ստեղծված ինքնավար Քուրդիստանի հետ: և փակ սահմաններ Հայաստանի Հանրապետության հետ:

Հիշե՞նք, որ ոչ հեռու անցյալում Անկարայի արտգործնախարարությունը հոխորտում էր «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսով:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում