Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգի վարկային պորտֆելն աճել է Դ82 մլրդ-ով կամ 5,1%-ով՝ հունիսի վերջին կազմելով Դ1,687 տրլն։ Համաձայն Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների՝ պորտֆելի աճը գրեթե հավասարաչափ բաշխվել է արտարժութային և դրամային վարկերի միջև։
Հաշվետու ժամանակահատվածում բանկերը դրամային վարկեր տրամադրել են հիմնականում ռեզիդենտներին՝ վարկային պորտֆելն աճել է Դ42 մլրդ-ով։ Ռեզիդենտների արտարժութային վարկերի պորտֆելն աճել է Դ20,8 մլրդ-ով, ոչ ռեզիդենտներինը՝ Դ18 մլրդ-ով։ Արդյունքում վարկային պորտֆելում դոլարային վարկերի մասնաբաժինը հունիսի վերջին կազմել է 63,5%, այն դեպքում, երբ տարեսկզբին ցուցանիշը 64,3% էր։
Հունիսին ամսական կտրվածքով դոլարային վարկերի մասնաբաժինը կրճատվել է 0,5 տոկոսային կետով, ինչը կարող է պայմանավորված լինի բանկային համակարգում դրամային միջոցների ավելացումով։ Հունիսի 12-ից ուժի մեջ է մտել ԿԲ համապատասխան որոշումը, որը դրամային պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման 8% դրույքը նվազեցրել է մինչև 4%-ի։ Պարզ ասած՝ եթե նախկինում ներգրավվող յուրաքանչյուր Դ100-ից Դ8-ը բանկերն ուղղում էին պահուստավորման, նորմատիվի փոփոխությունից հետո նրանց մոտ ավելանում են ազատ դրամային միջոցներ, ինչը հնարավորություն է տալիս դրանք ուղղել վարկավորման։
Առաջին կիսամյակում դրամային միջոցների զգալի մասը բանկերն ուղղել են սպառողական վարկերին (վարկային պորտֆելն աճել է Դ28 մլրդ-ով), ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտ (վարկային պորտֆելի աճը՝ Դ7,5 մլրդ)։ Միտումը ավելի քան հիմնավորված է, քանի որ 12% տոկոսադրույքով ներգրավվող դրամային ավանդների տեղաբաշխման միակ ոլորտը սպառողական վարկերն են (տոկոսադրույքը՝ մինչև 24%)։ Գյուղոլորտում դրամային վարկային պորտֆելի աճը պայմանավորված է վարկերի տոկոսադրույքների կառավարության սուբսիդավորման, ինչպես նաև միջազգային վարկային ծրագրերով։
Բանկերը գյուղոլորտին նաև դոլարային վարկեր են տրամադրել (պորտֆելի աճը՝ Դ7,7 մլրդ)։ Այս տարվա առաջին կիսամյակում դոլարային վարկերի պորտֆելի աճին նպաստել է էլեկտրաէներգիայի, գազի ոլորտի վարկային պորտֆելի աճը՝ Դ12,8 մլրդ-ով, առևտրի ոլորտի վարկային պորտֆելն ավելացել է Դ11 մլրդ-ով, ոսկերչության ոլորտինը՝ Դ10 մլրդ-ով։
Civilnet











