Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հուլիսի 30-ի նիստում ներկայացվել են 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշները, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:
Ըստ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի` համայնքների ընդամենը եկամուտներն առաջին կիսամյակում կազմել են 44 359 664 հազ. դրամ`նախատեսված 45 460 841 հազ-ի դիմաց (Երևանը ներառյալ)` 97,6% կատարողական, ինչը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճել է 9,5%-ով:
Համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96,3%, արձանագրվել է 14,3% աճ` 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Չնայած անցած տարվա համեմատ գրանցված աճին` սեփական եկամուտների հավաքագրման մասով հանրապետական միջին ցուցանիշից ցածր արդյունքներ են գրանցվել Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:
Հողի հարկի կատարողականը կազմել է 88,7%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 24,2%-ով, գույքահարկի կատարողականը 101,3% է, աճը կազմել է 11,1%:
Թեև գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1%-ով` կազմելով 87,5%, այդուհանդերձ, 2012թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ առանձին մարզերում ինչպես գույքի վարձակալությունից ստացված եկամուտների, այնպես էլ պետական և տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշներում հավաքագրման նվազում է գրանցվել:
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանձնարարել է քննարկումներ կազմակերպել սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներ ունեցող մարզերում, տեղում ուսումնասիրել պատճառները և հետևողական աշխատանքներ տանել ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
Կոլեգիայում անդրադարձ է կատարվել նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքի մարման ընթացքին և համայնքներում ընթացիկ պարտքերի կուտակման պատճառներին: Քննարկվել է, մասնավորապես` Սևան քաղաքում աշխատավարձի գծով կուտակված ընթացիկ պարտքի հարցը: Փոխվարչապետը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել Սևանի քաղաքապետարանում աշխատավարձի ընթացիկ պարտքի առաջացման պատճառները, հարցը քննարկել Գեղարքունիքի մարզպետի և քաղաքապետի հետ: Նա անթույլատրելի է համարել համայնքների կողմից ընթացիկ պարտքերի կուտակումը և նշել, որ հնարավորինս պետք է բացառել նոր պարտքերի կուտակումը` հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի շուրջ 2,3 մլրդ դրամ պարտքից մարվել և հուլիսի 15-ի դրությամբ մնացել է ընդամենը 57 720 դրամ պարտք:
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև 2014թ. պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2012թ. ելակետային տվյալների, հողի հարկի և գույքահարկի բազաների ցուցանիշների, ինչպես նաև 2013թ. համայնքների բյուջեներում հաստատված պլանային ցուցանիշների համեմատական վերլուծության արդյունքները:
Ուսումնասիրության նպատակն է եղել պարզել, թե որքանով են համայնքների բազաները համապատասխանում լիազոր մարմինների բազաներին, որքանով են իրատեսական կազմվում համայնքների բյուջեները և ինչ մեթոդաբանությամբ են դրանք ձևավորվում:
Արմեն Գևորգյանն առաջարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում խորհրդակցություն հրավիրել և քննարկել համայնքների ու լիազոր մարմինների բազաների համապատասխանեցմանը վերաբերող հարցեր:
Civilnet











