Լուսանկարը` ՍիվիլՆեթի
Երևանի կենտրոնական փողոցներում հուլիսի 1-ից գործող վճարովի ավտոկայանատեղերի համար տուրքը գանձվում է օրենքի խախտումներով։ Վճարումը պետք է հաստատվի անդորրագրով. Երևանի ավագանու որոշմամբ կայանման դիմաց կարելի է վճարել նաև SMS հաղորդագրությամբ, որի դեպքում անդորրագիր չի տրվում։
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը՝ քաղաքապետարանը Երևանում կազմակերպել է վճարովի ավտոկայանատեղեր, ավագանին ընդունել է նորմատիվ ակտեր, որոնք հակասում են օրենքի տառին։ Այսպես, ավտոկայանատեղերի տուրքի վճարման ձևերը, ըստ օրենսդրության, սահմանում է համայնքի ավագանին։ «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև՝ պահանջելու դեպքում տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն»,- ասվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքում։
Երևանին ավագանին կարծես անտեսել է այդ դրույթը, երբ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում 2012թ. դեկտեմբերի 25-ին ընդունել է «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողություն իրականացման ձևերը սահմանելու մասին» որոշումը։
Ըստ ավագանու որոշման՝ «ավտոկայանատեղի տուրքը վճարվում է անկանխիկ եղանակով Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին բանկային և (կամ) վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով, էլեկտրոնային եղանակով, SMS վճարմամբ»։
SMS եղանակով վճարումները գովազդում են նաև ավտոկայանատեղերի կազմակերպող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը, և բջջային օպերատորները, այն դեպքում, երբ այս եղանակով վճարման դեպքում անդորրագիր չի տրամադրվում։ Իհարկե, բջջային հեռախոսով վճարում կատարելուց հետո բաժանորդը ստանում է պատասխան SMS հաղորդագրություն, որ լատինատառ հայերենով փաստում է վճարումը. սակայն սա դեռ անդորրագիր չէ։
Վճարման անդորրագրի (որպես փաստաթուղթ) վրա պետք է նշվի վճարողի անուն ազգանունը, գումարը, պետք է լինի ընդունողի ստորագրությունը, կնիքը։ Տերմինալների միջոցով վճարումներ կատարելու դեպքում նույնպես տրամադրվում է անդորրագիր, որի վրա նշվում է անդորրագրի համարը, վճարման նպատակը, գումարը։ Հնարավոր է՝ SMS եղանակով վճարումն ավելի հարմար է, սակայն եթե այդ եղանակը հակասում է օրենքի պահանջներին, այն պարզապես չպետք է կիրառել։
Վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացում սա քաղաքապետարանի միակ թերացումը չէ։ Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանն անցած տարվա դեկտեմբերի 17-ին հայտարարել է ԵՔ-ՄԵԾՁԲ-12/2 ծածկագրով ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման մրցույթ (մրցակցային երկխոսության ձև)։ Այս տարվա ապրիլին հաղթող է ճանաչվել «Լոկատոր» և «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունների կոնսորցիումը։ Թեև մրցութային փաթեթում հստակ նշվել է, որ նախապատվությունը տրվելու այն մասնակից կազմակերպությանը, որը «տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է գնման առարկա հանդիսացող կամ համանման ծառայությունների մատուցման գործարքները՝ նախկինում կատարած պայմանագրերը», հաղթող է ճանաչվել մի կոնսորցիում, որի մեկ մասնակիցը՝ «Փարկինգ սիթի սերվիսը», հիմնադրվել է ընդամենը 2012թ. սեպտեմբերի 27-ին, իսկ «Լոկատորը» ավտոկայանատեղերի կազմակերպման բիզնեսում փորձ չունի։ Բացի այդ՝ ավտոկայանատեղերի դե ֆակտո կազմակերպիչ «Փարկինգ սիթի սերվիսի» պաշտոնական կայքում բացակայում են ընկերության աշխատակիցների թվի, ղեկավարության, ֆինանսական կարողությունների և այլ մանրամասներ։
Կասկածելի է նաև այս ընկերության հաղթող ճանաչելու հանգամանքը, եթե հաշվի առնենք, որ քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ավտոկայանատեղերից գանձվող գումարի 70%-ը փոխանցվելու է «Փարկինգ սիթի սերվիսին»՝ որպես ծառայության վարձավճար, մնացած մասը մուտքագրվելու է համայնքային բյուջե։ Երևանի ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված է, որ ավտոկայանատեղերի թույլտվության տեղական տուրքերը կկազմեն Դ1 մլրդ։
«Փարկինգ սիթի սերվիսը» հայտարարել է, որ Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի հսկողությունն իրականացնելու է տեսախցիկներով. գոնե կենտրոնական փողոցներում այդպիսիք առայժմ տեսանելի չեն։
Civilnet











