Հուլիսին գնաճը շարունակել է արագանալ` պայմանավորված հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի համապատասխանաբար 18% և 27% թանկացումով։ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել է 8,5%, այն դեպքում երբ հունիսին այն 6,5% էր, իսկ Կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշը՝ 4±1,5%։
ԱՎԾ-ի տվյալներով՝ 2013թ. հուլիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 9,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 4,3%-ով, ծառայությունների սակագները՝ 8,4%-ով։
Սպառողական ապրանքների շուկայում գների աճ է արձանագրվել նաև ամսական կտրվածքով։ Այսպես, 2013թ. հուլիսին նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմել է 0,4%, ինչն ամբողջովին պայմանվորված է ծառայությունների ոլորտում սակագների 5% աճով: Հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գները նվազել են 1,8%-ով, ոչ պարենային ապրանքների գները մնացել են անփոփոխ։
Ըստ ԱՎԾ-ի՝ 2013թ. հուլիսին նախորդ ամսվա համեմատ բնական գազով ավտոմեքենաների լիցքավորման, բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների ընդհանուր աճը կազմել է 14,5%։ Վերոհիշյալ ծառայությունները, սպառողական զամբյուղում ունենալով 11,26% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին նպաստել են 1,64 տոկոսային կետով։
Պարենային ապրանքների շուկայում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2013թ. հուլիսին 12-ամսյա կտրվածքով արձանագրվել է 34,9% գնաճ, մրգի ապրանքախմբում գներն աճել են 27,9%-ով, ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 2,7% գնաճ, հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է գների 9,2% աճ։ Մյուս կողմից՝ կաթնամթերքի, ձվի, կենդանական և բուսական յուղերի գները 12-ամսյա կտրվածքով նվազել են 0,1%-ով, շաքարավազի գինը՝ 10,5%-ով։
Պարենային ապրանքների շուկայում գների աճը մի կողմից պայմանավորված է մայիսյան կարկտահարություններով, մյուս կողմից՝ էներգակիրների թանկացումով։
Civilnet











