Եվրամիությունը հուլիսի 15-ին €5 մլն է փոխանցել` որպես Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի (ՄԿՈՒ) ֆինանսավորման վերջին բաժին, ինչպես նաև €2 մլն հաստատուն տրանշ` Պարենային ապահովման ծրագրի ներքո երեխաների խնամքի բարեփոխումների ֆինանսավորման նպատակով: Ինչպես հաղորդում են ԵՄ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, ֆինանսական երկու տրանշներն իրականացվում են 2009 և 2010 թվականներին համաձայնեցված համապատասխան բյուջետային օժանդակության գործառույթի շրջանակում:
ՄԿՈՒ ծրագրով Հայաստանին տրամադրվում է €15 մլն ֆինանսավորում: Ծրագիրը միտված է ՄԿՈՒ համակարգի բարեփոխմանը, զբաղվածության հայեցակարգերի մշակմանը, ՄԿՈՒ ծրագրի իրականացման համար բարեկարգ պայմանների ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը` զբաղվածությանն ուղղված միջոցառումների կատարելագործման նպատակով:
Ծրագրի շրջանակում ՄԿՈՒ 12 քոլեջներ, հիմնականում Հայաստանի մարզերում, վերազինվել են արդի ենթակառուցվածքով, համալրվել նոր սարքավորումներով, իրականացվել է աշխատակիցների վերապատրաստում, կատարելագործվել է մեթոդաբանությունն ու բյուջետավորումը:
Պարենային ապահովման ծրագիրը միտված է երեխաների պաշտպանությանը և խնամակալական կազմակերպություններում երեխաների թվի նվազմանն ու հատուկ կրթական հաստատություններում երեխաների թվի կրճատմանը: 2007թ. խնամակալական կազմակերպություններում ընդգրկված 12 հազ. երեխաների թիվը կտրուկ կրճատվել է` 2012թ. հասնելով 4,5 հազ-ի: Գոյություն ունի 23 հատուկ ուսումնական հաստատություն` նախկին 45-ի փոխարեն:
Աջակցության շրջանակում ձևավորվել է երեխաների պաշտպանության համատեղ կառավարում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով և գործողությունների ծրագիր` հատուկ կրթական հաստատություններում հատուկ կարիքներով երեխաների սոցիալական պաշտպանության ապահովման նպատակով: Երեք մանկատների աշխատակիցներ անցել են վերապատրաստման դասընթացներ հատուկ կարիքներով երեխաների հետ ժամանակակից մեթոդաբանությամբ աշխատելու համար:
Civilnet











