Գլխավոր Լրահոս

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ՝ արդեն նոյեմբերից

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ՝ արդեն նոյեմբերից

2014-ից Հայաստանում սկսելու է գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչը ենթադրում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ պետք է գրանցվեն կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ։ Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ արդեն սկսել է կառավարիչների լիցենզավորման և գրանցման նախապատրաստական փուլը։ Կառավարիչների անունները հայտնի կլինեն արդեն նոյեմբերին։

Հայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում 2014թ. հունվարի 1-ից գործելու է պարտադիր կուտակային բաղադրիչը, որին պարտադիր կերպով մասնակցելու են 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները։

Պարտադիր կուտակային բաղադրիչը նախատեսում է, որ աշխատակիցների կողմից աշխատավարձային եկամուտների 5%-ը փոխանցվելու է անձնական կենսաթոշակային (կուտակային) հաշիվներին, իսկ պետությունը կրկնապատկելու է գումարը՝ պետական բյուջեից համարժեք փոխանցում կատարելով։ Կառավարության հաշվարկներով՝ 2014-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասով պետբյուջեի ծախսերը միայն առաջին տարում կկազմեն Դ20,85 մլրդ։

ՍիվիլՆեթի հարցմանը, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարչի լիցենզիա ստանալու հայտով առ այսօր քանի՞ ընկերություն է դիմել կարգավորչին, Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից ասացին, որ ԿԲ-ն բանակցություններ է վարել ակտիվների մի շարք հեղինակավոր կառավարիչների հետ, որոնք ներկայացրել են հայաստանյան շուկա մուտք գործելու և պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի կառավարման ծառայությունների մատուցելու մտադրությունների մասին նամակներ։ «Բանակցությունների դրական արդյունքներից ելնելով՝ սկսվել է լիցենզավորման և գրանցման նախապատրաստական փուլը, և արդեն նոյեմբերին հանրությանը հայտնի կլինեն գրանցված և լիցենզավորված կառավարիչների անվանումները»,- պարզաբանեցին ԿԲ-ից։

Անցած տարվա վերջին հայտարարվեց, որ հայկական շուկա մուտք գործելու ցանկություն է հայտնել Մեծ Բրիտանիայի GAM Group ընկերությունը։ Կառավարությունում գտնում են, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 2-3 կառավարիչների մուտքը հայկական շուկա ապահովելու համար։

Կենսաթոշակային պարտադիր կուտակային ֆոնդերի կառավարիչները հավաքագրած միջոցները պետք է տեղաբաշխեն ֆինանսական գործիքներում՝ ապահովելով եկամուտներ: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված է, թե ինչպիսին կարող են լինել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը (հավասարակշռված, պահպանողական, կայուն եկամտային ֆոնդ), և որ տեսակի արժեթղթերում ու ինչ մասնաբաժնով կարող են կատարվել ներդումները։

Օրենքով սահմանված է նաև, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանում և արտերկրում, ինչպես օրինակ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կամ Եվրամիության երկրների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում, բանկերի ավանդներում, արժեթղթերում, վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում։

Հայաստանում ակտիվները կարող են ներդրվել բանկային հաշիվներում և ավանդներում, ԿԲ-ի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում, պետական արժեթղթերում, այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից։

Այս համակարգի արդյունավետ գործունեությունն մեծապես կախված է ֆոնդերի կառավարիչներից, քանի որ կուտակային համակարգի առաջին արդյունքները կերևան միայն 25-30 տարուց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում