Մաշտոցի պուրակը մի՛ դարձրեք «Հարսնաքար»

Ձեր պայքարը ագրեսիա չի սիրում, չպետք է սիրի. ագրեսիվ, ոչինչ չհանդուրժող դեմքերը վաղը շուռ են գալու մյուս ակտիվիստների դեմ, ամբողջ շարժման դեմ։ Որովհետև հնարավոր չէ, որ ինչ-որ պահից միմյանց չհասկանաք։
Մի քանի օր առաջ «Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական շարժման ակտիվիստները վտանգավոր բան արեցին՝ նրանք իշխանության խոսափողի համբավ ունեցող երեք հեռուստաընկերության արգելեցին լուսաբանել իրենց հանդիպումը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Պետք չէր այդպես վարվել մի քանի պատճառով։
Լրագրողին տարածքից հեռացնելուց առաջ նախ ճշտեք տարածքի կարգավիճակը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը։ Արդյո՞ք ձեր հավաքի պահին այն դադարում է լինել հանրային վայր։ Ի՞նչ էիք անելու լրագրողին, որը որոշել է մնալ, ինչպե՞ս էիք վարվելու նրա հետ ի վերջո։ Երկրորդ, հանրային տարածքում միջոցառում անցկացնելիս ձեր պրոբլեմը չէ, թե ով կգա լուսաբանելու, երբ դուք հեռացնում եք մի քանիսին, հանրային տարածքը դարձնում եք «Հարսնաքար»։
Երրորդ, հեռացնելով կոնկրետ լրատվամիջոցների, դուք անհարմար վիճակում եք դնում այն լրագրողներին, ում չեք հեռացնում։ Այդ պահից նրանք նույնպես կարգավիճակ ճշտելու խնդիր են ունենում, որովհետև էթիկական առումով տատանվում են խոսափող և լրագրող լինելու միջև։ Նրանց համար շոյվելու գայթակղությունը մեծ է, որ չեն հեռացվել, որ գնահատվել են ձեր մուննաթին չարժանանալով, բայց հարցը մնում է՝ հիմա ովքե՞ր ենք մենք՝ լրագրո՞ղ, թե՞ խոսափող։ Որովհետև եթե մյուսներին չեք հեռացնում, նշանակում է ձեզ աչքը և ականջը շոյող ինչ-որ բան գտել եք նրանց անդրադարձերում։
Չորրորդ, մի՛ վիճարկեք ուրիշի սուտը, ճշմարտությունը խրամատներ փորում է, բայց չի գրոհում, միայն պաշտպանվում է։ Մի՛ մոռացեք, որ ձեր պայքարում նույնպես ամեն ինչ հարթ չէ, որ ձեր ճշմարտությունը նույնպես միակը չէ։ Փոխարենը մոռացե՛ք, որ Հայաստանում կա հեռուստաընկերություն, որն ամբողջությամբ բավարարելու է ձեր պայքարը։ Եթե ձեր թվարկած հեռուստաընկերությունները չեն լուսաբանել ձեր «Չենք վճարում 150 դրամ» շարժումը (իսկ իրականում լուսաբանել են, թեպետ, որոշ իմաստով, յուրովի), լռե՛ք նրանց ներկայությամբ, այսինքն, ձեր լռությամբ թույլ չեք տա, որ ձեր խոսքը դառնա շոուի մաս։ Միգուցե Վազգեն Մանուկյա՞նն է նրանց բերել հենց շոու դարձնելու համար։ Բացառված չէ։ Ձեր պայքարը ագրեսիա չի սիրում, չպետք է սիրի. ագրեսիվ, ոչինչ չհանդուրժող դեմքերը վաղը շուռ են գալու մյուս ակտիվիստների դեմ, ամբողջ շարժման դեմ։ Որովհետև հնարավոր չէ, որ ինչ-որ պահից միմյանց չհասկանաք։
Հինգերորդ, լրատվամիջոցներին հեռացնելով դուք, փաստորեն, որոշում եք կայացրել ձեր անսխալականության մասին։ Երբ դուք ծափահարում եք լրատվամիջոցներին հանրային տարածքից հեռացնելու մեկ-երկու ակտիվիստի որոշումը (ես չեմ վիճարկելու, թե այդ լրատվամիջոցները որքանով են լրատվամիջոց ըստ էության, որքանով չեմ վիճարկում, թե պայքարը որքանով է պայքար ըստ էության), դուք, իհարկե, ձեր վերաբերմունքն եք արտահայտում տվյալ հեռուստաընկերություններով տարբեր ժամանակներում հանրային հնչեղություն ստացած խնդիրների լուսաբանման մասով, այստեղ ես խնդիր չեմ տեսնում, բայց հիշեք, որ նրանք արդեն եկել են, նրանք ի գիտություն են ընդունել պայքարը, ձեզ, և այլևս շարժումը շրջանցել չեն կարող։
Նրանք կարող են ապականել ձեր շարժումը, կարող են ձեզ ներկայացնել ամենավատ լույսի ներքո, բայց նրանք դա անելու են մի տարածքում, որը ձեր սեփականությունը չէ, հարկ եղած դեպքում նրանք դա կարող են անել նույնիսկ առանց ձեր դեմքերը ցույց տալու։ Ես համաձայն եմ, որ դուք ինչ-որ բաների դիմագրավելու ձեր մեթոդները պետք է ունենաք, բայց եթե դուք կանչել եք Հանրային խորհրդի նախագահին ու թույլ եք տվել, որ դրանց մասնակցեն կայքերը և ձեզ հաճո հեռուստաընկերությունները, պետք է թույլ տայիք, որ մասնակցեին նաև մյուսները։ Բարոյականության հարց չկա, լրիվ էթիկական խնդիր է։ Դուք ձեզ վեր եք դասել մյուսներից, դուք ձեզ դարձրել եք խոցելի, որովհետև ձեր պայքարին վերագրել եք մի սրբություն, որը կարող են պղծել մի քանիսը։
Ձեր ինքնապաշտպանությունը լրիվ հասկանալի է, հասկանալի է նաև, որ որոշումը կայացրել եք հընթացս, բայց դուք չեք հաշվարկել, որ Վազգեն Մանուկյանին հրավիրելով և հանրային տարածքում միջոցառումը կազմակերպելով, դուք ինքնաբերաբար հրավիրել եք բոլորին։ Դա նույնն է, որ Սերժ Սարգսյանը պարզապես գար ձեզ կողքից լսելու, դուք նրան ասեիք՝ դու խնդիր լուծող չես, հեռացիր, մենք Վազգեն Մանուկյանի հետ կքննարկենք մեր խնդիրները։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մհեր Արշակյան










