«Նաիրիտ գործարան» քիմիական ընկերության արդիականացման և վերագործարկման ծրագիրը տրվում է բնապահպանական փորձաքննության։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Ըստ նրա՝ վերջնական որոշումը կընդունվի բրիտանական Jacobs Consultancy Limited-ին կողմից հավանության արժանացած այս ծրագրի փորձաքննությունից հետո միայն։
Նախարարի խոսքով՝ նախնական գնահատականներով արդիականացման ծրագրի արժեքը կազմում է $400 մլն։ Բնապահպանական փորձաքննությունից հետո հայտնի կլինեն նաև ֆինանսավորման աղբյուրները։
Դեռ 2011թ. «Նաիրիտի» և ԱՊՀ միջպետական բանկի կողմից պատրաստվել էր «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագիրը, որի ընդհանուր արժեքը գնահատվել էր $512,26 մլն ($367 մլն-ն ուղղվելու է գործարանի արդիականացմանը, $146 մլն-ը՝ պարտքերի մարմանը)։ Էներգետիկայի նախարարությունն այս ընթացքում մի շարք կազմակերպությունների հետ ծրագրի իրականացման շուրջ բանակցություններ է վարել, որոնք որևէ արդյունք չեն տվել։
Այսպես՝ ռուսական նավթագազային «Իտեռա գրուպը» 2011թ. հայտարարեց, որ հետաքրքրված է ստանձնելու «Նաիրիտի» կառավարումը։ Ընկերությունը բրիտանական Jacobs Consultancy Limited-ին պատվիրեց անգամ գործարանում աուդիտ անցկացնել, որի նախնական արդյունքները ստացավ անցած տարի։ Ոչ պաշտոնական մակարդակով հայտարարություններ էին հնչում, թե ռուսական ընկերության և կառավարության միջև շուտով ձեռք կբերվի սկզբունքային համաձայնություն, կստորագրվի պայմանագիր։ Իրականում որևէ բան տեղի չունեցավ։
Այս տարվա ապրիլի վերջին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ՍիվիլՆեթին ասել էր, թե «Նաիրիտի» վերագործարկման հարցը «Ռոսնեֆտի» հետ բանակցությունների փուլում է (2012թ. «Իտեռայում» տեղի է ունեցել հիմնական բաժնետիրոջ փոփոխություն, բաժնետոմսերի 51%-ն անցել է «Ռոսնեֆտին), և հուսով է, որ առաջիկա երկու ամսում այս հարցում հստակեցում կմտցվի։
«Իտեռայի» կողմից «Նաիրիտի» կառավարման և արդիականացման ծրագրում հիմնական խնդիրը ֆինանսական կողմն է։ Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited ընկերությունը (որին դե յուրե պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) չի կատարել ԱՊՀ միջպետական բանկի առջև իր վարկային պարտավորությունները, և 2011թ. վերջից գործարանի բաժնետոմսերի 90%-ը դե ֆակտո պատկանում է բանկին (2006թ. օգոստոսին բանկը $70 մլն-ի վարկային գիծ էր բացել Rhinoville Property Limited-ի համար՝ 5,3 տարի ժամկետով և տարեկան 12,5% տոկոսադրույքով)։ «Նաիրիտի» բաժնետոմսերի 10%-ը պատկանում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։
Տարեսկզբին Միջպետական բանկը դիմել է Մոսկվայի Արբիտրաժային դատարան՝ Rhinoville Property Limited-ից $25,2 մլն բռնագանձելու հայցով։ Հերթական դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 30-ին։
Civilnet











