Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցներով իրականացվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի «Տրանշ-3» ծրագրի վարկային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը։ Ըստ Բեգլարյանի՝ «Տրանշ 3»-ով նախատեսվող Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքները ֆինանսավորելու են երկու դոնոր կազմակերպություններ՝ Ասիական զարգացման բանկն ու Եվրոպական ներդրումային բանկը։ Փաստաթղթի ստորագրումից հետո կհայտարարվի կապալառուի մրցույթ։
Ըստ փոխնախարարի՝ մրցութային փաթեթը պատրաստ է, աշխատանքները տարանջատվել են 27 կմ և 18 կմ հատվածների։ Եվ քանի որ երկու դոնոր կազմակերպություն է ֆինանսավորելու ծրագիրը, կհայտարարվի երկու մրցույթ։
ԱԶԲ տնօրենների խորհուրդը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի «Տրանշ-3» ծրագրով Հայաստանին $180 մլն վարկային միջոցների հատկացումը պետք է քննարկեր և հաստատեր դեռ այս տարվա մարտին, ինչին պետք է հաջորդեր հայկական կողմի հետ պայմանագրի ստորագրումը։ Սակայն մարտին հայտարարվեց, որ Եվրոպական ներդրումային բանկը պատրաստակամություն է հայտնել 50%-ով համաֆինանսավորել «Տրանշ-3»-ով նախատեսվող շինարարական աշխատանքները (Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածի վերակառուցում)։ Վերջին այս հանգամանքով պայմանավորված էլ անհրաժեշտություն էր առաջացել պատրաստել նոր ծրագրային փաթեթ և այն կրկին ներկայացնել ԱԶԲ տնօրենների խորհրդի հաստատմանը։
Հաշվի առնելով նախորդ՝ «Տրանշ-1» և «Տրանշ-2» ծրագրերով աշխատանքների նախապատրաստման փորձը, «Տրանշ-3»-ով շինաշխատանքների կապալառուի մրցույթի արդյունքներն լավագույն դեպքում պարզ կլինեն տարեվերջին, իսկ կապալառուն կարող է սկսել շինաշխատանքները միայն 2014թ. գարնանը։
Խրոնիկ ձգձգում
«Հյուսիս-Հարավում» շինաշխատանքների ձգձգումը սկսում է խրոնիկ բնույթ կրել։ Ասիական զարգացման բանկը ճանապարհային միջանցքի ֆինանսավորման վարկային ծրագիրը հաստատել է 2009թ. սեպտեմբերին, «Տրանշ-1» ծրագիրը ($60 մլն ծավալով) ստորագրվել է 2009թ. հոկտեմբերին, «Տրանշ-2»-ը ($170 մլն)՝ 2011թ. մայիսին։ Շինաշխատանքների մեկնարկը տրվել է միայն 2012թ. սեպտեմբերին։
«Տրանշ-1» և «Տրանշ-2» պայմանագրերում ամրագրված է, որ Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցումը՝ 2014թ. դեկտեմբերին։ 2012թ. ապրիլին աշխատանքների կապալառու իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությունը հայտարարեց, որ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները պատրաստ կլինեն 18 ամսից (2013թ. աշնանը), իսկ Աշտարակ-Թալինը՝ 36 ամսից կամ 2015թ. աշնանը։
ԱԶԲ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագիծը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջ։ Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա 556 կմ երկարությամբ ճանապարհը կապվելու է Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցքին»՝ մատչում ապահովելով Փոթիի և Բաթումի նավահանգիստներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն $962 մլն է, որից $500 մլն-ը ԱԶԲ վարկային միջոցներն են։ Դրանք հատկացվել են 32 տարի ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ (արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, հետագայում՝ 1,5%)։ Կառավարության համաֆինանսավորումը ծրագրում կազմելու է $462 մլն, որից $177 մլն-ը՝ հարկերի տեսքով, $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման։
Լուսանկարում` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածի (երկարությունը՝ 19,6 կմ) վերականգնողական աշխատանքների մեկնարկը, սեպտեմբերի 13, 2012թ.: Նկարը` Ֆոտոլուրի
Civilnet











