Google Glass-ի արտադրությամբ կզբաղվի Motorola-ն

2012թ. ամերիկյան Google որոնողական հսկայի կողմից ձեռք բերված Motorola ընկերությունը հնարավոր է` սկսի զբաղվել ոչ միայն համատեղ ծրագրային մշակմամբ պատրաստված բջջային հեռախոսների, այլև Google Glass ակնոցների արտադրությամբ, հաղորդում է ամերիկյան Wall Street Journal-ը` վկայակոչելով Motorola-ի ղեկավար Դենիս Վուդսայդի արած հայտարարությունը:
Խելացի ակնոցների նոր փոփոխությունները հնարավոր է` իրականացվեն Motorola-ի բազայի հիման վրա, սակայն հայտնի չէ, թե որքանով ամբողջական կհամարվի տեխնոլոգիական այդ ցիկլը:
2013թ. հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ Google-ը մասնաբաժին է ձեռք բերել Himax ընկերությունում, որը թողարկում է Google Glass-ի համար նախատեսված էկրաններ:
Tech Radar-ի հաղորդմամբ` Google Glass-ի արտադրությունը Motorola-ին փոխանցելը հնարավորություն կտա վերջինիս բարելավել իր դիրքերը ֆինանսական ասպարեզում և աշխատանքային իրավիճակն ընկերության ներսում:
Google Glass-ն ունի ներկառուցված էկրան, որը համարվում է կրելի սարքավորում: «Խելացի ակնոցն» ունի սմարթֆոնի գործառույթներ: Այսինքն` Google Glass-ով հնարավոր է զանգեր և տեսազանգեր կատարել, հաղորդագրություններ ուղարկել, լուսանկարել և տեսանկարել, լսել երաժշտություն և այլն:
Գաջեթն ունի 5 Մգպ տեսախցիկ, որի միջոցով հնարավոր է լուսանկարել և տեսանկարել, 16 Գբ հիշողությամբ ֆլեշ հիշողության կուտակման սարք, որը սինխրոնիզացված է տվյալների պահպանման Google Drive ամպային ծառայության հետ, microUSB և լիցքավորման սարք:
Ակնոցի թափանցիկ փոքր էկրանը համարժեք է 2,5 մ հեռավորության վրա տեղակայված 25-դյույմանոց HD էկրանին: Գաջեթի մարտկոցների խնայողության նպատակով ակնոցը համատեղված է Wi-Fi 802.11b/g հնացած տարբերակի հետ:
Սարքավորման ներսից եկող ձայները կարող է լսել միայն օգտագործողը: Google Glass-ի ամբողջական օգտագործման համար հարկ կլինի Android 4.0.3 (Ice Cream Sandwich) և ավելի բարձր տարբերակի օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որն ունի Bluetooth և MyGlass բջջային ծրագիր:
Թեմա
Civilnet










