«Փարկինգ սիթի սերվիսի» գործողություններն ամրագրված են օրենքով. օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Երևանում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը` հերքելով համացանցում տարածված լուրերը, թե ընկերության գործողություններն անօրինական են:
«Շահարկումներն անում են շահագրգիռ անձինք: Ամեն ինչ օրինական է»,- հայտարարեց Հարությունյանը` հավելելով, թե հանրային բողոքի և անհնազանդության պատճառն այն է, որ «մի խումբ մարդիկ զրկվել են իրենց բաժին կարկանդակից»:
Հարությունյանի խոսքով` վարորդների տուգանումը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում է, և ոչ թե ընկերության: Ըստ նրա` վարորդների վճարած գումարները, ինչպես նաև տուգանքները քաղաքապետարանի կողմից գանձվող տեղական տուրք են:
«Փարկինգ սիթի սերվիսի» տնօրենի խոսքով` ընկերությունը մտադիր է կատարել $10 մլն-ի ներդրում և ակնկալում է, որ մինչ 2014թ. սկիզբը Երևանում կլինի 20 հազ. վճարովի կայանատեղի: Կտեղադրվի 5 հազ. տեսախցիկ, մնացած կայանատեղիները կվերահսկվեն շրջիկ մեքենաների միջոցով:
Հարությունյանը նշեց, որ գծանշումը կատարվելու է հանրային սեփականություն հանդիսացող հատվածներում, իսկ բակային տարածքներում գծանշում չի իրականացվելու: Նրա խոսքով` ընկերությունը պատասխանատվություն չի կրելու կայանման ընթացքում մեքենային պատճառված հնարավոր վնասի համար, միայն կարող է տեսախցիկի նկարահանած տեսանյութը տրամադրել: Ըստ օրենքի` կայանման համար վճարում է միայն վարորդը. տաքսի ծառայության դեպքում, օրինակ, վճարումը կատարում է ոչ թե հաճախորդը, այլ վարորդը: Վճարման դեպքում էլ տրամադրվելու է ոչ թե ՀԴՄ կտրոն, այլ անդորրագիր:
Ըստ Հարությունյանի` ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման մրցույթի հաղթողներ «Փարկինգ սիթի սերվիսի» և «Լոկատորի» հավաքագրած գումարի 70%-ը ընկերություններին է, այդ թվում` 20%-ը տրամադրվում է վճարահաշվարկ իրականացնող կազմակերպություններին, 16,6%-ը ԱԱՀ-ն է, կան նաև լրացուցիչ հարկեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով` օգոստոսի 2-ին որոշվել էր ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ վարչական տույժերի կիրառումը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով վարորդներին այդ ընթացքում վճարել տեղական տուրքը:
Երևանի ավագանու որոշմամբ` Երևանի կենտրոնական փողոցներում հուլիսի 1-ից ուժի մեջ պետք է մտներ վճարովի ավտոկայանատեղերի մասին օրենքը, սակայն տուգանքները կիրառվելու էին օգոստոսի 1-ից: Կայանման արձավճարները կազմում են` յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ, յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ, մեկ շաբաթվա համար` 1 հազ. դրամ, մեկ ամսվա համար` 2 հազ. դրամ, մեկ տարվա համար` 12 հազ. դրամ:
Վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ նյութերին և տեսանյութին կարող եք ծանոթանալ նաև այստեղ:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Civilnet











