Որպեսզի Երուսաղեմի պատրիարքը չկարողանա զրոյացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Կաթողիկոս Գարեգին Բ-ի և մեր երկու պատրիարքների վատ հարաբերությունները հին պատմություն են։ Բայց ոչ այնքան հին, որքան պատրիարքության և կաթողիկոսության ինստիտուտն է։ Պարզապես մեր պատրիարքները չեն սիրում Գարեգին Բ-ին։ Դժվար է ասել, թե ինչու։ Հայտնի է, որ 1999թ. Գարեգին Ա-ի մահից հետո և´ Երուսաղեմի, և´ Պոլսո պատրիարքը պաշտպանում էին Մայր Աթոռի դիվանապետ Ներսես արքեպիսոկոպոս Պոզապալյանի թեկնածությունը՝ սփյուռքահայերը պաշտպանում էին սփյուռքահային։ Պոզապալյանի կողմից էր նաև Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը։ Կաթողիկոս Գարեգին Բ-ն Կյուրեղյանին պաշտոնանկ արեց կաթողիկոս դառնալուց մեկ տարի հետո և այդ աթոռին նշանակեց եղբորը։ Իսկ ահա մեր երկու նվիրապետական աթոռներին գահակալողները՝ Երուսաղեմի պատրիարքության նախկին առաջնորդ, հանգուցյալ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնապոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը պաշտոնանկ լինելու ոչ մի տարբերակ չունեին։
Իբրև նվիրապետական աթոռի գահակալներ` նրանք կարգավիճակով երրորդն են Կիլիկիո կաթողիկոսից հետո (ժամանակին Սիսի և Աղթամարի կաթողիկոսությունները, ինչպես նաև Երուսաղեմի պատրիարքությունն իրենց առաջնորդության իրավունքը զիջել են Պոլսո պատրիարքությանը, որոշ ժամանակ Պոլսը փորձել է գերագահ լինել նաև Մայր Աթոռի նկատմամբ, սակայն, ի վերջո, ընդունել է Էջմիածնի առաջնորդությունը), ընտրվում են պատրիարքության ներսում, կարող են մասնակցել կաթողիկոսի ընտրությանը որպես Ազգային եկեղեցական ժողովի ներկայացուցիչներ, սակայն կաթողիկոսը ոչնչով չի կարող նպաստել պատրիարքների ընտրությանը։ Դրա համար նա նախ պետք է հաղթահարի Իսրայելի և Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքն իր թեկնածուի հանդեպ, երկրորդ, տվյալ պատրիարքության ներկայացուցիչներին պետք է կարողանա համոզել, որ իր թեկնածուն իսկապես արժանավոր է։ Ընդ որում, ինքն անձամբ չպետք է երևա թեկնածուի թիկունքում որպես հովանավոր։ Որովհետև հենց երևաց, պատրիարքությունը կընկալվի որպես թեմ։ Իսկ դա հաստատ Իսրայելի և Թուրքիայի իշխանությունների սրտով չէ, այդ պատրիարքությունների «Էջմիածինը» Երուսաղեմն ու Անկարան են։ Չնայած դրան, կաթողիկոսը նրանց մեջ է, ովքեր պետք է հաստատեն Երուսաղեմի պատրիարքի ընտրությունը։ Թուրքիո պատրիարքի ընտրության հաստատման հետ կաթողիկոսն առնչություն չունի։
Երեք օր առաջ Երուսաղեմի նորընտիր պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի առիթով չափազանց կոշտ նամակ է հղել կաթողիկոս Գարեգին 2-րդին, որտեղ կան այսպիսի տողեր. «Եթէ չեմ սխալիր, յառաջիկայ նոյեմբերին Նորվան սրբազանի առաջնորդական շրջանը կաւարտէր և Գերագոյն հոգևոր խորհուրդի պատկեր-անդամները կրնային այն ատեն «ընդունիլ» իր հրաժարականը: Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսի» համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջել»։ Հիշեցնենք, որ Նորվան արքեպիսկոպոսը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ կաթողիկոսը Ֆրանսիայում շատ կոշտ տոնով նրան կոչ էր արել տեր կանգնել Ֆրանսիայի թեմի քահանաներից մեկին, որն իր ապրուստը հոգում էր պահակությամբ։
Աթոռով Գարեգին Բ-ին զիջող պատրիարքի այս բացառիկ կոշտության թիկունքում իրականում պատրիարքության ինքնաբավությունն է և զուգահեռ աթոռի չգրված կարգավիճակը։ Այսինքն, Երուսաղեմի պատրիարքին կաթողիկոսը չի կարող պաշտոնանկ անել, Երուսաղեմում նա թիկունք չունի, դավադրությունները կարող են արտահայտվել միայն ֆիզիկական հաշվեհարդրաով, որին Գարեգին Բ-ն չի գնա։ Այս նամակն այլ վտանգ ունի՝ իր հրապարակայնությամբ այն թուլացնում է կաթողիկոսի հեղինակությունը համայն աշխարհի հավատացյալ հայության աչքին, ամբողջ հայությունն իմանում է, որ կաթողիկոսի հետ անպատիժ կարելի է խոսել այս տոնով։ Գլխավոր հարվածը հասցված է, պարզ է, որ Գարեգին Բ-ն այս նամակն անարձագանք չի թողնի։ Չի բացառվում նաև, որ Երուսաղեմի պատրիարքությունում որոշ խժդժություններ կլինեն։ Այսինքն, փորձ կարվի Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովի ներկայացուցիչների մի մասին, որոնք ընտրում են պատրիարքին, բերել Էջմիածնի կողմը։ Սակայն եթե Երուսաղեմի քաղաքական իշխանությունը կորցնի իր վերահսկողությունը Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովի վրա, կարող է ընդհանրապես ցրել այն։ Հետևաբար` կաթողիկոսին մնում է կուլ տալ այս նամակը։ Գարեգին Բ-ի համար միակ իրական տարբերակը մնում է մաքրագործվել հենց Հայաստանի ներսում, նա կորցրել է բարոյական բոլոր հենարանները եկեղեցու վերջին աղմկոտ պատմությունների՝ օֆշորային սկանդալի, Լեզվի ինստիտուտի շենքի, ամառային կինոթատրոնի, երթուղային գծերի և այլ սկանդալների պատճառով։ Փաստն այն է, որ կաթողիկոսը պետք է լինի այնպիսի հեղինակություն, որպեսզի նույնիսկ զուգահեռ աթոռը, որպիսին ոչ պաշտոնապես Երուսաղեմի պատրիարքությունն է, չկարողանա զրոյացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Մհեր Արշակյան










