Սիրիայում «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի մաս համարվող «Էլ Նուսրա» խմբավորման և Սիրիայի քրդերի միջև մղվող պայքարին հնարավոր է` միջամտեն Իրաքի քրդերը, հաղորդում է CNN Turk-ը:
Իրաքի քրդական ղեկավարությունը Սիրիայի սահմանին է կենտրոնացրել ութ զորամիավորում: Քրդական զորամիավորումների փոխհրամանատար Էնվեր Հաջը Օսմանը հայտարարել է, որ Սիրիա մուտք գործելու համար սպասում է Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հրամանին: Սահմանին տեղակայվել են նաև քրդերին պատկանող տանկեր:
Ավելի վաղ քրդական ղեկավարությունը հայտարարել էր, թե «Էլ Նուսրան» պետք է վերջ տա խաղաղ քուրդ բնակիչների սպանություններին: Քրդական լրատվամիջոցներն օրերս հաղորդեցին, որ մի քանի տասնակ քրդեր են սպանվել ծայրահեղական խմբավորումների կողմից, իսկ հարյուրավոր քրդեր էլ` գերի վերցվել:
«Էլ Նուսրան» կռվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների դեմ: Մասնավորապես` թեժ մարտեր են ընթանում Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ վայրերում: Քրդերը մեղադրում են Թուրքիային ծայրահեղական խմբավորմանն օժանդակելու և խաղաղ բնակչության դեմ վայրագություններ գործելու մեջ:
Civilnet











