Անցնող տարվա տվյալներով՝ աշխարհում ամենից շատ ուղեղային կենտրոններ կան Միացյալ Նահանգներում` 1823, որին հաջորդում են Չինաստանը` 429, Մեծ Բրիտանիան` 288, Հնդկաստանը` 269, Գերմանիան`194, Ֆրանսիան` 177, Արգենտինան` 137, Ռուսաստանը` 122, Ճապոնիան` 108, Իտալիան` 107:
Փենսիլվանիայի համալսարանը արդեն մի քանի տարի` 2006-ից ի վեր, պատրաստում և հրապարակում է աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների`think-tank-երի վարկանիշ, որը կրում է Global Go To Think Tanks Index Report անունը: Վերջին` 2012-ի վարկանիշը կազմելու գործում ներգրավվել է գրեթե 2.000 փորձագետ և հաստատություն: Աշխարհի ավելի քան 6.000 կենտրոններ մոլորակի բոլոր մայրցամաքներից վարկանիշին մասնակցելու հայտ են ներկայացրել 2012-ի համար:
Անցնող` 2012-ի տվյալներով, աշխարհում թիվ մեկ կենտրոն է ճանաչվել ամերիկյան Բրուքինգս հաստատությունը (Brookings Institution): Երկրորդ տեղում Լոնդոնի Չեթեմ Հաուսն է (Chatham House), երրորդում` ամերիկյան Կարնեգի հաստատությունը (Carnegie Endowment for International Peace), չորրորդում` Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute), հինգերորդում` ամերիկյան Ռազմավարական և միջազգային ուսումնասիիրությունների կենտրոնը (Center for Strategic and International Studies):
Առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաև ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհուրդը (Council on Foreign Relations), բրիտանական Միջազգային ներումը (Amnesty International), բելգիական Բրյուգելը (Bruegel), ամերիկյան Ռենդ կորպորացիան (Rand Corporation) և բրիտանական Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը (International Institute for Strategic Studies):
Երկրորդ տասնյակում տեղ են զբաղեցրել կրկին հիմնականում արևմտյան կենտրոնները, որոնց թվում՝ Հայաստանում շատ հայտնի գերմանական Թրանսփերանսի ինթերնեշնըլը (Transparency International ), բելգիական Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group), ամերիկյան «Հերիթիջ» հիմնադրամը (Heritage Foundation): Երկրորդ տասնյակում տեղ են զբաղեցրել նաև մեկ ճապոնական` Միջազգային հարաբերությունների ինստիտուտ (Japan Institute of International Affairs), և մեկ չինական`Սոցիալական գիտությունների չինական ակադեմիա (Chinese Academy of Social Sciences) կենտրոններ:
Աշխարհում անենահայտնի հաստատություններից մեկը` բրիտանական Հյուման Րայթս Ուոչը (Human Rights Watch) զբաղեցրել է 46-րդ, իսկ Հունգարիայում գտնվող Բաց հասարակության ինստիտուտը (Open Society Institute)՝ 71-րդ տեղը:
Նախկին խորհրդային հանրապետություններից և Հայաստանի անմիջական հարևան երկրներից աշխարհի լավագույն հարյուր ուղեղային կենտրոնների մեջ ներառվել են Մոսկվայի Կարնեգի կենտրոնը (Carnegie Moscow Center)` 29-րդ տեղ, Թուրքիայի տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամը (Turkish Economic and Social Studies Foundation)` 77-րդ տեղ, Ուկրաինայի Ռազումկով կենտրոնը (Razumkov Center)` 84-րդ տեղ, Թուրքիայի Ազատական մտածողության ասոցիացիան (Association for Liberal Thinking)` 89-րդ տեղ, և ռուսական Արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհուրդը (Council on Foreign and Defense Policy)` 99-րդ տեղ:
Անցնող տարվա տվյալներով՝ աշխարհում ամենից շատ ուղեղային կենտրոններ կան Միացյալ Նահանգներում` 1823, որին հաջորդում են Չինաստանը` 429, Մեծ Բրիտանիան` 288, Հնդկաստանը` 269, Գերմանիան`194, Ֆրանսիան` 177, Արգենտինան` 137, Ռուսաստանը` 122, Ճապոնիան` 108, Իտալիան` 107:
Global Go To Think Tanks Index Report-ը Հայաստանում հաշվել է 14 կենտրոն, Ադրբեջանում և Վրաստանում` 13-ական, Իրանում` 33, Թուրքիայում` 27 կենտրոն: Աշխարհի առանձին մեկ քաղաքում վերցրած ամենից շատ կենտրոններ կան Վաշինգտոնում` 394 հատ:
Photo: tokyothinktank.com
Թաթուլ Հակոբյան











