Գլխավոր Լրահոս

Իրանի հետ` հարգանքի լեզվով

Հայաստանի հարևան հարավային երկրում նորընտիր նախագահ Հասան Ռոհանին երդմնակալությունից հետո անցավ իր լիազորություններին և առաջիկա չորս տարիներին ղեկավարելու է իսլամական հանրապետությունը: Ճիշտ է, Իրանում վերջին խոսքը, հատկապես արտաքին քաղաքական հարցերում, պատկանում է հոգևոր առաջնորդին՝ կրոնապետ Ալի Խամենեիին, սակայն նախագահի ով լինելը չպետք է թերագնահատել:  

Արևմուտքի, ինչպես նաև իրանցի ժողովրդի մի ստվար հատվածի կողմից անընդունելի Մահմուդ Ահմադինեժադի փոխարինումը գիտնական, մի քանի լեզուների գիտակ, չափավորական Հասան Ռոհանիով, ինքնին դրական իրադարձություն է: Ռոհանին, ի տարբերություն Ահմադինեժադի գռեհիկ պոպուլիզմի ու Արևմուտքի հասցեին կոշտ  հռետորաբանության, օգտագործում է պարկեշտ ու քաղաքակիրթ բառապաշար, ինչը արդեն իսկ հավուր պատշաճի է գնահատվել Արևմուտքում:

Դա լավ մեկնարկ է Իրան-Արևմուտք հարաբերությունները ներկա ճգնաժամից դուրս բերելու դժվար ճանապարհին: Հուսադրող է նաև նորընտիր նախագահ Ռոհանիի պաշտոնամուտի ելույթը: Դիմելով Արևմուքին, նա ասել է. “Եթե համարժեք արձագանք եք ուզում, դուք պետք է խոսեք ոչ թե պատժամիջոցների, այլ հարգանքի լեզվով”: Իր առաջին մամուլի ասուլիսում, քննադատելով Միացյալ Նահանգների քաղաքականությունը Իրանի նկատմամբ` Ռոհանին միաժամանակ հայտարարել է, որ պատրաստ է լուրջ բանակցություններ սկսել Արևմուտքի հետ՝ միջուկային  խնդրի շուրջ:

Վաշինգտոնը անմիջապես արձագանքել է Ռոհանիի հայտարարություններին: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչր Ջեյ Քարնին ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հարցերի խաղաղ կարգավորմանը: «Եթե Իրանի նոր կառավարությունը ցանկանում է լրջորեն մոտենալ հարցին և խնդրի խաղաղ լուծում գտնել, ապա ի դեմս Միացյալ Նահանգների` նա գործընկեր կգտնի», հայտարարել է Քարնին:

Եթե Միացյալ Նահանգների ու Եվրոպական Միության նպատակը Իրանին ծնկի բերելն է, ապա որևէ նշանակություն չունի, թե ով է Իրանի նախագահը, ինչպիսի ուղերձներ է հղում և կամ հռետորաբանություն օգտագործում Իսրայելի նկատմամբ: Իրանցիները կասկածամիտ լինելու իրավունք ունեն և այդ իրավունքը ինչ-որ իմաստով տվել է Արևմուտքը: Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան առանցքի, իսկ ավելի հստակ`շիաների նկատմամբ Միացյալ Նահանգների խտրական վերաբերմունքը կառուցողական երկխոսության տեղ չեն թողնում: Մյուս կողմից, Վաշինգտոնում գիտակցում են, որ Իրանը տարածաշրջանի ազդեցիկ պետություններից է և առանց Թեհրանի կառուցողական ներգրավվածության դժվար կլինի երկարաժամկետ լուծում գտնել ինչպես իրանական միջուկային թղթածրարի, այնպես էլ Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի ու Լիբանանի խնդիրներին: Լիբանանում Իրանը բացահայտ ներկայություն ունի Հեզբալլայի միջոցով, Սիրիան Իրանի ռազմավարական գործընկերն է, Իրաքում իշխանության է եկել շիական կառավարություն: Միացյալ Նահանգները արդեն զգացել է Իրանի դրական ներգրավվածությունը Աֆղանստանի հարցում: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո մի քանի տարի, ճիշտ է` լռելյայն, կառուցողական շփումներ էին հաստատվել Թեհրանի և Վաշինգտոնի միջև աֆղանական հարցում: Թալիբանն ու Կայդան սպառնալիք են ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ` Իրանի համար:  

Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավումը բխում է Հայաստանի կենսական շահերից: Վիկիլիքսի փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպիսի ճնշումներ են բանեցրել ամերիկացիները հայ դիվանագետների, այդ թվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, որպեսզի կյանքի չկոչվեն հայ-իրանական համատեղ ծրագրերը: Իրան-Հայաստան գազատարը 2004-2007-ին կառուցվեց ամերիկյան կողմի անդադար ճնշումների պայմաններում: Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները ընդհանրապես բացասաբար են անդրադառնում Հայաստան-Իրան համագործակցության վրա:

Անմիջական հարևաններից թերևս միակը Հայաստանն է, որի հանդեպ Իրանը չունի կասկածամտություն: 1991-ից ի վեր Հայաստանի որևէ կառավարություն թույլ չի տվել քայլեր, որոնք Իրանում կասկածների տեղիք կտային: Քրիստոնյա Հայաստանի և իսլամական Իրանի հարաբերությունների հիմքում դրված է պրագմատիզմը և հակառակ կողմի նվազագույն պահանջներն ու ցանկությունները գիտակցելու իրողությունը:

Նույնը չի կարելի ասել ոչ Թուրքիա-Իրան և ոչ էլ Ադրբեջան-Իրան հարաբերությունների մասին, թեև և’ Թուրքիան, և’ Ադրբեջանը նույնպես մահմեդական պետություններ են: Պատահական չէր, որ նորընտիր նախագահ Ռոհանիի պաշտոնամուտի արարողությանը Հայաստանը մասնակցում էր նախագահի, իսկ Թուրքիան և Ադրբեջանը` համապատասխանաբար արտգործնախարարի ու խորհրդարանի նախագահի մակարդակով:

Արցախյան պատերազմի տարիներին, երբ Հայաստանը շրջափակված էր, միակ հույսի պատուհանը բացվում էր դեպի Իրան: Այդ տարիներին Իրանը ապացուցեց, որ Հայաստանի դժվար օրերի հուսալի ընկերն է, ի տարբերություն Թուրքիայի, որը Հայաստանին սպառնում էր անգամ ռազմական ներխուժումով: Հայաստան-Իրան առանցքի ամրապնդումը չափազանց կարևոր է Թուրքիա-Ադրբեջան սերտաճումը զսպելու հարցում:

Չի բացառվում, որ մոտ կամ հեռու ապագայում արցախյան հակամարտությունը կարգավորվի, հաստատվեն Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ, շրջափակումները վերանան, սահմանները բացվեն և հաղորդակցությունները վերականգնվեն: Անգամ այդ դեպքում Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը չի նվազելու, քանի որ Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է: Ավելին, Իրանը այն հարևանն է, որը Հայաստանի հետ լավ հարևան է եղել ամենածանր պահերին, արցախյան պատերազմի ամենադժվար օրերին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում