Գլխավոր Լրահոս

ԿԲ-ն թանկացնում է փողը

ԿԲ-ն թանկացնում է փողը

ԿԲ-ն վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել էր 2011թ․ սեպտեմբերին՝ այն իջեցնելով 0,5 տոկոսային կետով՝ մինչև 8%։

2013 թ. օգոստոսի 13-ի նիստում  Կենտրոնական բանկը  վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,5 տոկոսային կետով՝ մինչև 8,5%: Որոշումն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 14-ից։ ԿԲ-ն վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել էր 2011թ․ սեպտեմբերին՝ այն իջեցնելով 0,5 տոկոսային կետով՝ մինչև 8%։ 

ԿԲ տարածած հաղորդագրության համաձայն՝ 2013 թ. հուլիսին, պայմանավորված առավելապես էներգակիրների սակագների բարձրացմամբ, արձանագրվել է 0,4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,5% գնանկման դեպքում, ինչը հանգեցրել է 12-ամսյա գնաճի աճին, որը հուլիսի վերջին կազմել է 8,5%: «ԿԲ որոշումը միտված է ներքին զարգացումների հետևանքով ձևավորված գնաճային սպասումները խարսխելուն և էներգակիրների սակագների աճի երկրորդային ազդեցությունները մեղմելուն: Բացի այդ, Խորհուրդը կարևորում է դրական իրական տոկոսադրույքների պահպանումը: ԿԲ քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ գնաճը մոտակա ամիսներին աստիճանաբար կնվազի: Գնաճի աստիճանական նվազման և տնտեսական աճի հնարավոր դանդաղման պայմաններում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրությունում:

 Ըստ ԿԲ-ի՝ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները, և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Ներքին տնտեսությունում առաջին կիսամյակի զարգացումների ներքո ձևավորվել է սպասվածից բարձր գնաճ, որին մեծապես նպաստել են երկրորդ եռամսյակում գյուղատնտեսության ճյուղի զարգացումները (կարկտահարություն և վեգետացիոն շրջանի մասնակի հետաձգում) և որոշ ծառայությունների գների աճը:

ԿԲ խորհուրդը գտնում է, որ գնաճը, աստիճանաբար նվազելով, կվերադառնա նպատակային մակարդակին (4±1,5%) և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Նշենք, որ դեռ հունիսի 10-ին ԿԲ-ն հավաստել էր դրամավարկային քաղաքականության կոշտացման մասին իր՝ «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր II եռամսյակ, 2013թ., Դրամավարկային քաղաքականության 2013թ. I եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը)» փաստաթղթում։ Վերջինում ԿԲ-ն նշել էր, որ հաշվի առնելով արտաքին և ներքին տնտեսությունների զարգացումները և առաջարկի շոկի ժամանակավոր մարման ազդեցությունը՝ կանխատեսվում է, որ 2013թ. երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը որոշակիորեն կարագանա՝ հունիսի վերջին ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում: «Էներգակիրների սակագների վերանայման վերջնական որոշման առկայության պարագայում բարձր գնաճն ու դրա երկրորդային ազդեցությունները մեղմելու, ինչպես նաև գնաճային սպասումները խարսխելու նպատակով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ներկայիս ուղղությունները՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,– նշված էր հաշվետվությունում։ Չնայած այս ամենին՝ հունիսի 25-ին ԿԲ-ն անփոփոխ էր թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի և ֆինանսական համակարգի տոկոսադրույքների միջև առկա է լագ՝ 3-6 ամիս տևողությամբ։ Այլ կերպ ասած՝ այլ հավասար պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պետք է բերի բանկային համակարգում տոկոսադրույքների բարձրացմանը, այսինքն՝ փողի թանկացմանը:

Արմենակ Չատինյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում