Գլխավոր Լրահոս

Գարեգին Բ-ն վերջապես խոսեց

Գարեգին Բ-ն վերջապես խոսեց

Կաթողիկոսն ասում է. «Ազգին տկարացնելու համար պետք է տկարացնել եկեղեցին»: Նույնն է, թե Սերժ Սարգսյանն ասի՝ ազգին արժեզրկելու համար պետք է արժեզրկել Հանրապետական կուսակցությանը: Եկեղեցին անհրաժեշտ է նույնքան, որքան որևէ արժեքավոր գիրք, որքան որևէ արժեքավոր կտավ: (Photo: Panarmenian)

Գարեգին Բ-ն վերջապես խոսեց: Նա ասում է, որ ներողամիտ է լինելու քննադատների հանդեպ: Միաժամանակ նշում է, որ քննադատները պատվերներ ունեն եկեղեցուն քննադատելու: Թվում է, թե ասել է ամենը, ինչ պարտավոր է ասել հոգևոր առաջնորդը: Ընդհանուր առմամբ, դա խոսք է ոչ ըստ էության: Քննադատողներն այդպես էլ չեն հասկանա՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է եկեղեցու և այդ կառույցի հոգևոր ղեկավարների մասին իրենց խոսքերը: Նրանք երբեք չեն իմանա՝ ինչո՞ւ է Գարեգին Բ-ն ներողամիտ, ասենք, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին հրապարակումների համար: Ներողամտությունը հասկանալի է անկախ մեղքի բնույթից, հասկանալի չէ սակայն ճշմարտության բարձունքից: Համարենք, որ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդի մասին եղած հրապարակումները համապատասխանում են իրականությանը: Ինչո՞ւ է դրանց համար Գարեգին Բ-ն ներողամիտ: Համարենք, որ չեն համապատասխանում իրականությանը: Ինչպե՞ս է դրանք հերքում կաթողիկոսը՝ ներողամտությամբ և պատվերներ կատարելու մասին հայտարարություններո՞վ: Այսինքն, եկեղեցին թշնամինե՞ր ունի:

Նա ասում է, որ «մեղադրանքները ներկայացվում են որոշակի միտումնավորությամբ»: Ու չի ասում, թե ինչո՞ւ միտումնավորությամբ: Այսինքն, նրա խոսքն ուղղված է մեղադրանքներ հնչեցնողներին, իսկ նրանք, ովքեր մեղադրանքներն ընդունել են հալած յուղի տեղ, կաթողիկոսի խոսքի շնորհիվ ճշմարտության հենարան չեն ձեռք բերում: Նրանց համար հիմնական մեղադրանքների իրավացիությունը կամ սուտը մնում է բաց: Որովհետև, երբ ասում է, որ այդ մեղադրանքները զուրկ են հիմքից, ծանր բան է ասում: Ոնց որ ԱԱԾ-ն հերքի տեղեկությունները, թե Գորիկ Հակոբյանի մատը խառն է մարտի 1-ի պատմության մեջ: Այնքանն ինչքան հնարավոր է հասկանալ, հասարակությունը գիտի եթե ոչ փաստերով, գոնե՝ վարքով:

Հետո նա ասում է ամենավտանգավոր նախադասությունը նրանց համար, ովքեր մեղադրանքների ունկնդիրն են, բայց ոչ մեղադրողը, ոչ էլ հասցեատերը: Նա ասում է. «Եկեղեցու դեմ հարվածները հետապնդում են մեկ նպատակ՝ տկարացնելու ազգի հոգևոր միասնականությունը»: Սա աննախադեպ վտանգավոր է՝ կաթողիկոսը և եկեղեցու հոգևոր ղեկավարները որևէ կերպ չանդրադարձան ազգի պառակտմանը բոլոր ընտրությունների ժամանակ, չանդրադարձան մարտի 1-ի հիմքերին, երբեք ուղղամտության կոչ չարեցին իշխանություններին, երբեք հանդես չեկան որևէ քաղբանտարկյալի ազատ արձակումով: Թվում է, թե այդպես էլ պետք է լիներ, քանի որ եկեղեցին քաղաքականության և պետության աշխարհիկ վարքի հետ գործ չունի: Բայց նախ աշխարհիկ վարքի մեջ է մեղքի ազատությունը, երկրորդ, նրա գործը ցանկացած հակամարտող կողմին իր բարոյականության բարձրության վրա բերելն է, երրորդ, տարաշխարհիկ և խղճի ազատության արժեքներով մեծացող հասարակության մեջ ի՞նչ է նշանակում ազգի հոգևոր միասնականությունը: Երբ ժողովուրդը չի հարձակվում ընտրակեղծարարի և մարդասպանի վրա, ինքն այդ բարձրության վրա է, ենթադրում եմ նույնիսկ եկեղեցուց անկախ, բայց երբ իշխանությունը հարձակվում է արդարություն պահանջող ընտրողի վրա, եկեղեցին պետք է իմանա, թե որ ուղղությամբ պետք է հնչի իր խոսքը:

Իսկ կաթողիկոսն ասում է. «Ազգին տկարացնելու համար պետք է տկարացնել եկեղեցին»: Նույնն է, թե Սերժ Սարգսյանն ասի՝ ազգին արժեզրկելու համար պետք է արժեզրկել Հանրապետական կուսակցությանը: Եկեղեցին անհրաժեշտ է նույնքան, որքան որևէ արժեքավոր գիրք, որքան որևէ արժեքավոր կտավ: Այսինքն, կարևոր չէ, թե որտեղից է գալիս հոգևոր խոսքը, և բնավ պարտադիր չէ, որ այն գա եկեղեցուց, որը վարչական կառույց է և որի ներկայացուցիչները նույնքան հակված են հաճույքի, որքան ամենամեղավոր աթեիստը: Որովհետև եկեղեցին առանց իր ներկայացուցիչների նույնքան զուլալ կառույց կարող է լինել, որքան այսօր Զվարթնոցի տաճարն է, որքան վաղը կարող է լինել Հանրապետական կուսակցությունը, եթե հանկարծ նրա հետքը չմնա: Ի վերջո, ինչ-որ բանի զուլալությանը խանգարում է մարդը: Եթե, իհարկե, ի սկզբանէ էր Բանը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում