Թուրքիայում ամենալուրջ լարվածության աղբյուրը բխում է քուրդ ժողովրդին Թուրքիայի Հանրապետության օրինական մասը ճանաչելու անհրաժեշտությունից, կարծում է Քեմալ Դերվիշը:
Սարսափելի բռնությունների ալիքը համակել է ամբողջ Մերձավոր Արևելքը: Դրա կենտրոնը Իրաքից (որտեղ վերջերս կրկին սրվել են միջդավանական հակասությունները) տեղափոխվել է Սիրիա, բայց այն ներառում է նաև Եգիպտոսը, Եմենը, Լիբիան և Թունիսը: Ավելի հեռու՝ արևելքում, Աֆղանստանը դաժան հակամարտությունների երկրորդ տասնամյակն է ապրում, իսկ Պակիստանը, կարծես, անընդհատ պատերազմի շեմին է՝ քաղաքացիական պատերազմի կամ հասարակական կարգի խախտման:
Ամենաանհանգստացնող սպառնալիքը սուննի և շիա մուսուլմանների միջև խորացող բռնություններն են: Բացի այդ, կրոնական պահպանողականներն ու լիբերալները, ինչպես նաև աշխարհիկ ձախ երիտասարդությունը, որոնք 2010-2011 թթ. Կահիրեում և Թունիսում իրենց ուժերը միավորել էին ընդդեմ բռնապետների, այժմ համախմբվել են իրար դեմ. այդ մասին է վկայում վերջերս Եգիպտոսի անվտանգության ուժերի կողմից Կահիրեում իսլամիստ ցուցարարների զանգվածային հաշվեհարդարը, ինչը հաջորդեց լիբերալների աջակցությամբ իրականացված ռազմական հեղաշրջմանը: Տարածաշրջանի բնակչությունը հավաքվում է թշնամական ճամբարներում՝ իրենց հասարակությունների վերքերն ավելի խորացնելով:
Ես հաճախ եմ ասել, որ Թուրքիան չպետք է խառնվի իր հարևանների ներքին գործերին կամ վարի Մերձավոր Արևելքի վրա կենտրոնացող քաղաքականություն: Ե՛վ կառավարությունը, և՛ ընդդիմությունը պետք է կենտրոնացած մնան Եվրոպայի վրա՝ չնայած այն խոչընդոտներին, որոնք Եվրոպական Միությունը հարուցում է Թուրքիայի անդամակցության բանակցություններում:
Սակայն Թուրքիան չպետք է անտարբեր մնա իր հարավային հարևաններին համակած ողբերգության նկատմամբ: Արաբական աշխարհի ցավը սուր կերպով զգացվում է Թուրքիայի՝ այդ երկրների հետ պատմական, կրոնական և էմոցիոնալ կապերի պատճառով: Ավելին, տնտեսական կապերը և աշխարհագրապես մոտ լինելը նշանակում է, որ Թուրքիայի բարգավաճումը ինչ-որ չափով կախված է Մերձավոր Արևելքից:
Վերջին տարիներին հույս էր արթնացել, որ Թուրքիան կարող է լինել հաջողակ տնտեսության և լավ աշխատող ժողովրդավարության մոդել, սակայն վերջին իրադարձությունները կասկածներ հարուցեցին այս առումով: Իրականում, Թուրքիան պետք է հաղթահարի ներքին լարվածության չորս աղբյուր, եթե նա ցանկանում է շարունակել տնտեսապես բարգավաճել, ամրապնդել ժողովրդավարությունը և մյուսների համար ծառայել որպես համոզիչ օրինակ:
Առաջին և ամենալուրջ լարվածության աղբյուրը բխում է քուրդ ժողովրդին Թուրքիայի Հանրապետության օրինական մասը ճանաչելու անհրաժեշտությունից: Նրանք, ովքեր իրենց քուրդ են համարում, ինչպես նաև բոլոր այլ քաղաքացիները, պետք է համոզված լինեն, որ թեև իրենք բոլորը կապված են իրենց ազգային ինքնության հետ, Թուրքիան շարունակում է մնալ երկիր, որտեղ բազմազանությունը կարող է ծաղկել:
Երկրորդ, պատմական լարվածություն կա սուննի մեծամասնության և ալևի-բեքթաշի փոքրամասնության միջև, որը թույլ կապված է շիա իսլամի հետ:
Երրորդ, տարաձայնություններ կան քաղաքական իսլամի և հանրապետության հետ եկած խիստ աշխարհիկության կողմնակիցների միջև: Հաճախ այդ սոցիալական «բաժանումը» խաչաձևվում է սուննիների և ալևիների միջև անջրպետով, քանի որ ալևիները գնալով ավելի շատ են միանում ձախ քաղաքական հոսանքներին:
Վերջապես, խորանում են կասկածները, որ պետական կառավարման համակարգում կուսակցական կողմնակալություն կա: Անկախ, ապակուսակցական կարգավորող մարմինների ստեղծումը 2001-2002 թթ. բարեփոխումների ծրագրի առանցքային պահերից մեկն էր: Սակայն այդ բարեփոխումներն անցնում են անցյալի գիրկը, քանի որ կարգավորող անկախ մարմինները նույնպես անցնում են կառավարական նախարարությունների վերահսկողության տակ (թեև Կենտրոնական բանկը պահպանել է իր ինքնավարության մեծ մասը): Քանի որ պետական համակարգում անկուսակցականության ձգտումը նվազել է, իշխանություն ունեցողների հետ մերձեցումը լարվածության մեկ այլ աղբյուր է դարձել:
Թուրքիային ձեռնտու են տասնամյակների ընթացքում ստեղծված հանրապետության կերպարն ու արժեքները, ինչպես նաև հումանիզմը, որ խարսխված է դարերի պատմության վրա: Բայցևայնպես, հաշվի առնելով տարածաշրջանի իրադրությունը, Թուրքիայում ներքին լարվածությունն այժմ մեծ վտանգ է ներկայացնում:
Բոլոր կողմերն այդ լարվածությունը պետք է մեծ բծախնդրությամբ և զգուշավորությամբ կարգավորեն: Բազմազանության և անհատի ազատության հարգումը, սոցիալական համերաշխության պայմաններում տնտեսական աճի մասին հոգ տանելը պետք է դառնան առաջնորդող սկզբունքներ: Վերքերի լավացումը, որ ժամանակին բոլոր կողմերն իրար հասցնում էին, և ներողամտությունը պետք է դառնան սովորական վարվելակերպ: Հիասթափության և անտագոնիզմի պարույրներին չի կարելի թույլ տալ ծավալվել:
Թուրքիան ուշադիր պետք է հետևի այն աղետին, որ տեղի է ունենում իր շուրջը Մերձավոր Արևելքում: Մարդասիրական օգնության կարիք կա, և Թուրքիան առատաձեռնորեն դա ցուցաբերում է այնպիսի ձևերով, որ կարող է օրինակ ծառայել արևմտյան երկրների համար: Սակայն Թուրքիայի քաղաքական առաջնորդները, հասարակական կարծիք ձևավորողները և քաղաքացիները նաև պետք է ընդունեն, որ երկրում նմանատիպ աղետից միակ պաշտպանությունը կենսունակ ժողովրդավարությունն է, պետական պրոֆեսիոնալ կառավարման համակարգը և հանդուրժողական հասարակությունը, որը մարմնավորում է հպարտությունն ու երկրի բազմազանությունը:
Ուրիշ որևէ մեկը չի պաշտպանելու Թուրքիային. ոմանք կարող են նույնիսկ հակասություններ թեժացնել նրա սահմաններին (նման մարտավարության պատմական օրինակները բազմաթիվ են): Թուրքիան ինքն իրեն պետք է պաշտպանի՝ դա անելով երկրի ներսում միայն հարգելով իսկական ժողովրդավարական սկզբունքները և վարելով արտաքին քաղաքականություն, որը նպաստում է խաղաղության և ժողովրդավարության հաստատմանը և տարածաշրջանում չդադարող հակամարտություններում (հատկապես՝ սուննիների և շիաների միջև) չի ընդունում որևէ մեկի կողմը:
Բարեբախտաբար հույս կա: Գեզի այգու ցուցարարները, որոնք հունիսին պարզապես կանգնելով՝ խաղաղ բողոք սկսեցին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեմ, տարիներ առաջ էլ խաղաղ ցույցեր էին կազմակերպում Թուրքիայի համալսարաններում գլխաշորեր կրելու իրավունքի արգելքի դեմ: Համընդհանուր իրավունքների մասին այպդես հոգ տանելը Թուրքիայի երիտասարդ սերնդի առանձնահատկությունն է:
Նմանապես, երբ անցած ամիս Վանի՝ պաշտոնից հեռացող նահանգապետը հրաժեշտի ելույթով դիմեց մարդկանց, որոնք հիմնականում խոսում են քրդերեն, նա այն կարդաց քրդերեն և ի պատասխան ստացավ ջերմ մաղթանքներ:
Թուրքիայի քաղաքացիների զգալի մասը կիսում է գթասրտության այդ ոգին: Այդ իսկ պատճառով, չնայած լուրջ բարդություններին, Թուրքիան ունի ներքին լարվածությունը հաղթահարելու բոլոր հնարավորությունները, որի կարիքը նրա մերձավորարևելյան հարևաններն (ու թերևս՝ եվրոպական որոշ հարևաններ) այդքան ունեն:
Civilnet











