Գլխավոր Լրահոս

Ի՞նչ տարբերություն՝ Հակոբը սահմանի ա՞յս կողմում է, թե՞ այն

Ի՞նչ տարբերություն՝ Հակոբը սահմանի ա՞յս կողմում է, թե՞ այն

Հայ ռազմագերին Ադրբեջանի հեռուստատեսությամբ ասել է, որ իրենից 10 հազար դոլար են պահանջել բանակ չզորակոչելու համար: Եվ որ բանակում իրեն ծեծել են: Այն, թե ինչ հաճույքով է դա եթեր հեռարձակել ադրբեջանական TV-ն, արդեն ինքնախոստովանություն է. չէ՞ որ նա մեր դեմ կռվում է մեր զենքերով: Այնտեղից էլ փախչում դեպի մեր դիրքեր: Այնտեղ էլ կոռուպցիա կա, այնտեղ էլ կա նախիջևանյան կլանը:

Ըստ էության, մեր զինվորը հեռուստաընկերություններից մեկով (կարևոր չէ, թե որ երկրի՝ Հայաստանի, թե Ադրբեջանի) պատմել է, թե ինչ է կատարվում բանակում: Բավական է և այն, թե ինչքան անվրդով է այդ տղային լսում ադրբեջանցի լրագրողը: Նրա լսածը գաղտնիք չէ, նա Սիրիայի դեպքերից չի պատմում, նա չի պատմում Եգիպտոսի մայրաքաղաքում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հրեշագործությունների մասին, երբ բանակն ուղղակի ոչնչացրեց սեփական քաղաքացիներին, ադրբեջանցի լրագրողի ականջին ամեն ինչ ծանոթ է: Մեր ռազմագերու շուրթերով ադրբեջանական հեռուստաընկերությունը մատնում է իր բանակի վիճակը: Դա հո հայ ռազմագերու մատնություն չէ, դա պետական մակարդակով Ադրբեջանի ինքնախոստովանությունն է հայ ռազմագերու շուրթերով: Ես կարծում եմ, որ Հակոբ Ինջիղուլյանն անկեղծորեն պատմել է մեր բանակում տիրող բարքերը: Վստահ եմ, որ բռնության և կաշառքի տեսարանները նա չի կեղծել: Եվ չարժե մտածել, թե նա կարող էր լռել: Նախ փաստը, որ մեր ռազմագերուն սարքել են PR կերպար, արդեն ինքնախոստովանության շատ կարևոր դրվագ է:

Հակոբը լրագրող չէ կամ քաղաքական վտարանդի, որ Շվեդիայի ամենահյուսիսի տաք անկյուններից պատմի մեր պետական և քաղաքական համակարգում իշխող կոռուպցիայի մասին: Նա նույնպիսի զինվոր է, որպիսին Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինվորն է, երկուսն էլ ունեն ծնող, երկուսն էլ եղածից ողջ պրծնելու խնդիր ունեն: Հայաստանում ո՞ւմ էր պատմելու Հակոբը, թե ինչեր են կատարվում մեր բանակում: Շատ-շատ՝ իր ծնողներին և մոտիկներին: Հիմա բոլորը լսեցին և համոզված են, որ Հակոբի պատմածը ծայրից ծայր ճշմարտություն է, նույնիսկ եթե նա պատմել է ոչ թե իր, այլ ուրիշի հետ կատարվածը, նույնիսկ եթե նա ադրբեջանցի զինվորի հետ կատարվածն է նաղդել հայկական բանակի վրա: Մեր բանակում հաճախ են սպանվում խաղաղ պայմաններում: Իսկ այդ սպանությունների թիկունքում Հակոբի նկարագրած դեպքերն են: Զինվորն անկասկած մանրամասներ է ասել: Տհաճ մանրամասներ: Ասենք՝ մեկ, երկու, երեք փաստ կարող էր բաց թողնել: Տպավորություն կա, որ նա ուզում է բացել բոլոր խաղաքարտերը: Թվում է, թե նա ուզում է պատմել ամբողջ ճշմարտությունը և ոչինչ ճշմարտությունից բացի: Կրկնում եմ՝ հնարավոր է մի քանի փաստեր նրա բերանն են խցկել հենց ադրբեջանցիները: Հակոբը դրանք մատուցում է անկեղծորեն: Որովհետև փրկության հույսը ոգևորում է, Հակոբին խոսեցնում է հույսը, որ կվերադառնա, այսինքն, վախը, որ չի վերադառնա: Որդու արարքը ծնողի համար էլ է հույս: Ադրբեջանն ուզում է այս ինքնախոստովանությամբ Հակոբի համար փակել Հայաստան բերող ճանապարհները, փորձում է Հակոբի ոտքի տակ վառել Հայաստան բերող կամուրջները: Բայց Ադրբեջանում վատ հոգեբաններ են աշխատում: Վախի մեջ հայտնված մարդն առաջինն ուզում է տեսնել իր ծնողներին, նույնիսկ եթե նրանք չկան: Հակոբը մահապարտ չէ: Եթե մահապարտ լիներ, կես բառ չէր ասի: Նա կարող է նույնիսկ ավելի վատ բաներ պատմել Հայաստանի մասին: Նախ չի սխալվի, երկրորդ՝ ոչ ոք պարտավոր չէ ի գիտություն ընդունել դրանք, քանի որ երբ ռազմագերին խոսում է վախից, նա պատմում է միայն իր թշնամու բարքերի մասին:

Ըստ իս, Ադրբեջանը փորձել է մի հարց լուծել՝ նախորդ ռեպորտաժում Հակոբի աջ աչքը վնասված էր, այս հարցազրույցում աչքը առողջ է: Համարենք, որ ադրբեջանցիները Հակոբի ծնողներին հասկացրին, որ ձեր տղան ողջ ու առողջ է, իսկ ծնողներն էլ թող մտածեն, որ իրենց որդին համր է: Քանզի պարտավոր չեն ի գիտություն ընդունել նրա ասածը: Այլապես ի՞նչ տարբերություն՝ Հակոբը սահմանի մե՞ր կողմում է, թե՞ ադրբեջանական:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում