Կառավարությունը քննարկել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից` նրանք առաջարկել են 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազ. դրամ, նպատակ, որին կառավարությունը մտադիր է հասնել աստիճանաբար առաջիկա տարիների ընթացքում, և դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը:
Կառավարությունը նշում է, որ նախագծով առաջարկվող` նվազագույն աշխատավարձի բարձրացումը համահունչ է կառավարության որդեգրած քաղաքականությանը: Ավելին, կառավարության ծրագրի իրականացմամբ 2012-2017թթ. ընթացքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում` հասցնելով մինչև 70 հազ. դրամի:
Կառավարության 2013թ. հուլիսի 4-ի «ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 740-Ն որոշմամբ նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 2014թ. սահմանել 50 հազ. դրամ, 2015թ.` 55 հազ. դրամ և 2016թ.` 62 հազ. 500 դրամ:
Սրա հետ մեկտեղ հարկ է նկատի ունենալ մի շարք հանգամանքներ՝ ՀՀ պետական բյուջեի իրական հնարավորությունները և ծրագրի իրականացման փուլայնությունը: Այդ տեսակետից նախագծով առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձը 2014թ. հունվարի 1-ից 75.0 հազ. դրամ (աճը կազմում է շուրջ 67 %) սահմանելու դեպքում այն կառավարության ծրագրով նախատեսված և Հայաստանի Հանրապետության 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով ամրագրված աշխատավարձերի բարձրացման քաղաքականությանը համապատասխան կիրառելու պարագայում արդեն 2014թ. կհանգեցնի մոտ 177.0 մլրդ դրամ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, ինչը իրատեսական չէ:
Civilnet











