Գլխավոր Լրահոս

Երբ կարելի է համբուրել անծանոթ աղջկան

Երբ կարելի է համբուրել անծանոթ աղջկան

Շուշան Պետրոսյանին պետք է հասկանալ՝ նա համբույրը չի ողջունում, նա ողջունում է ՀՀԿ-ական իշխանության երկարակեցության երաշխավորի սանձարձակությունը: (Լուսանկարը՝ Աննա Փափազյանի/ՍիվիլՆեթ)

Շուշան Պետրոսյանը ողջունել է ոստիկանի՝ իրեն բոլորովին անծանոթ աղջկա պարանոցի համբույրը: Պատճառաբանությունը մահացու է՝ համբույրի մեջ վատ բա՞ն կա։ Սա հաստատապես ոստիկանապետի աղոթքի շարքից է։ Եթե կարելի է ծառայողական գործունեության շրջանակներում աղոթել, ինչո՞ւ չի կարելի համբուրել։ Բայց հարց է ծագում՝ այդքան դավադրաբա՞ր։ Մոտենալ, աղջկան գրկել թիկունքից ու «մի համբո՞ւյր դրոշմել»։

Շուշան Պետրոսյանին պետք է հասկանալ՝ նա համբույրը չի ողջունում, նա ողջունում է ՀՀԿ-ական իշխանության երկարակեցության երաշխավորի սանձարձակությունը։ Նա չի կարող դատապարտել ոստիկանին, որովհետև էդ դատապարտման մեջ ՀՀԿ-ականի վերաբերմունքն է ոստիկանության հանդեպ։ Բայց ո՞վ է ընդհանրապես համբույրից խոսում։ Դուք ասեք՝ հիմա աղջիկը գնա՞ հանրահավաքի, թե՞ չգնա։ Բողոքի՞ վարձավճարների բարձրացումից, թե՞ չբողոքի։ Ոստիկանին աշխատավարձ են տալիս, որ ի՞նչ անի՝ թիկունքից անծանոթ աղջկան գրկի ու պարանոցը համբուրի՞։ Էդ աղջիկը Վալենտինի օրվա միջոցառումների՞ էր մասնակցում, թե՞ Շուշանն է Սուրբ Սարգսի պատվո հյուպատոսը բողոքի ակցիաների ժամանակ։ Համաձայն եմ՝ դա հեռու գնացող համբույր չէր, ընդհանրապես խուժանի գործողությունները տողատակ չունեն։ Հենց դրա համար էլ դրանք խուժանի գործողություններ են։ Տեսախցիկները ֆիքսել են ոստիկանի արարքը։ Նշանակում է՝ աղջիկն ինչ-որ իմաստով բռնաբարված է։ Նշանակում է՝ պետք է ասպարեզ բերվի սեռական ոտնձգության հոդվածը։ Նշանակում է՝ ոստիկանը պետք է սովորի բողոքի ակցիան տարբերել իր անկողնուց կամ սիրահարների այգուց։

Ինչո՞ւ ոստիկանն ի լուր աշխարհի չի ասում՝ ձեր ի՞նչ գործն է, ես եմ ու իմ սիրատոչոր հոգին, ինչո՞ւ եք քիթներդ խոթում ձեզ չվերաբերող գործի մեջ: Նա այդպիսի բան չի ասում: Ասում է, որ ամուսնացած տղա է, երեխա ունի, ո՞նց կարող է իրեն նման բան թույլ տալ, «էն էլ ակցիայի ժամանակ»: Այ էս «էն էլ ակցիայի ժամանակ»-ը սպանում է: Իսկ ե՞րբ կարելի է համբուրել անծանոթ աղջկան: Սա հարց է: Լսելով Շուշանին՝ ոչ անլուծելի: Եվ չնայած դրան:

Ուշադիր եղեք, ոստիկաններին չի հաջողվում անաղմուկ բռնություն գործադրել կամ սիրել: Երկուսն էլ հովանավորվում են պետության կողմից՝ արյուն թափելը և սիրելը: Նունե Եսայանը թափված արյան մասին ասում է՝ գիշերվա կեսին ի՞նչ գործ ունեին հրապարակներում, ոստիկանի անպատկառության մասին Շուշան Պետրոսյանն ասում է՝ համբույրի մեջ վատ բան կա՞: Հետաքրքիր է՝ էս ի՞նչ են ուտում ՀՀԿ-ական կանայք, որ այսպես են մտածում: Ոչինչ սրանց չի ցնցում: Երկու դեպքերի մասին այսպես դատող կանայք էլ մայրեր են: Եվ երկուսի տրամաբանության խորքում էլ մի պարզ անզգամություն կա: Էդ անզգամությունը նրանք լցնում են իշխանության հովանավորությամբ, որպեսզի ինչ-որ մեկի բռնությամբ համբույրի ենթարկվող դստեր, հրապարակում ինչ-որ մեկի սպանվող որդու օրը չընկնեն իրենց որդիները:

Հասկանու՞մ եք՝ մշակույթի ներկայացուցիչները ամենավախկոտ մարդիկ են: Նրանք ոչինչ չեն լսել Աննա Ախմատովայի մասին: Նա չէր երազում, որ Ստալինը սպանի իր ամուսնուն և հաշմի որդուն: Դա պատահեց: Ինչու՞: Որովհետև ռուս բանաստեղծը չփնտրեց նրանց հովանավորությունը: Ոչ թե հակադրվեց, այլ չփնտրեց: Ախմատովան բռնության համար մատաղացու ոչինչ չուներ: Բայց նրանից վերցրեցին ամենաթանկագին մարդկանց, որովհետև համակարգը մի այսպիսի հատկություն ունի՝ եթե քեզ մատաղ չես անում իմ անբարոյականությանը, մենք կվերացնենք քո բարոյականության հենարաններին: Այնպես չէ, որ սրան անձնազոհություն չեն ասում: Բայց, ի սեր Աստծո, ինչո՞ւ այն մարդկանց հաշվին, որոնց դեմքով չգիտեք:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում