Կենտրոնական բանկի հերթական քայլը՝ ուղղված դրամով վարկավորման ծավալների ավելացմանը, նվազ արդյունավետ էր։ Այս տարվա հունիսի 12-ից ուժի մեջ է մտել ազգային արժույթով ներգրավված միջոցների պահուստավորման պարտադիր նորմատիվի նվազեցման մասին ԿԲ-ի ապրիլի 16-ի որոշումը, ըստ որի դրամային պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույք էր սահմանվում 4%-ը՝ նախկին 8%-ի փոխարեն։ ԿԲ-ում կարծում էին, որ այս փոփոխությունը կխթանի բանկերի կողմից ՀՀ դրամով վարկերի առաջարկը և պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը՝ նպաստելով շուկայական տոկոսադրույքների նվազմանը։
ԿԲ-ի վիճակագրական տվյալներից սակայն երևում է, որ թե՛ հունիսին, թե՛ հուլիսին ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերի պորտֆելն ամսական կտրվածքով կրճատվել է, այլ ոչ թե աճել՝ ինչպես ակնկալվում էր։ Այսպես, հունիսին ամսական կտրվածքով դրամային վարկերի պորտֆելը կրճատվել է Դ5,6 մլրդ-ով կամ մոտ 1%-ով։ Հուլիսին ամսական կտրվածքով դրամային վարկերի պորտֆելը նվազել էր ևս Դ8,6 մլրդ-ով կամ 1,4%-ով՝ հուլիսի վերջին կազմելով Դ608,4 մլրդ։
Հաշվետու ժամանակահատվածում տեղի չի ունեցել դրամային վարկերի տոկոսադրույքների նվազում։ Այսպես, եթե մայիսին մեկ տարի մարման ժամկետով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 16,55%, ապա հունիսին այն արդեն 17,33% էր, հուլիսին՝ 17,55%։
Ստացվում է, որ ԿԲ-ի կողմից նորմատիվի փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունեցել դրամային վարկերի պորտֆելի վրա, և բանկերն շարունակել են դոլարային վարկեր տրամադրել։ Միայն հունիս-հուլիսին դոլարային վարկերի պորտֆելն աճել է 7,4%-ով, իսկ դոլարային վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է 1,37 տոկոսային կետով՝ հուլիսին կազմելով 11,21%։
Դոլարը գրոհում է
Այս տարվա յոթ ամիսներին դոլարային վարկերի պորտֆելի աճը ծավալային արտահայտությամբ ավելի մեծ է եղել, քան դրամայինը։ Հունվար-հուլիսին դոլարային վարկերի պորտֆելն աճել է Դ50,5 մլրդ-ով կամ 5%-ով, դրամային վարկերի ծավալն ավելացել է Դ47,4 մլրդ-ով կամ 8,2%-ով։ Ընդհանուր վարկային պորտֆելը յոթ ամիսներին աճել է 6%-ով և հուլիսի վերջին կազմել է Դ1,7 տրլն։
Դրամային և դոլարային վարկերի պորտֆելի գրեթե հավասարաչափ աճը նպաստել է նրան, որ յոթ ամիսներին դոլարային վարկերի մասնաբաժինը ընդհանուր պորտֆելում նվազի 0,74 տոկոսային կետով՝ հուլիսի վերջին կազմելով 63,6%։
Յոթ ամիսներին դրամային վարկերի աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կառավարության ծրագրով։
Թեև վարկային պորտֆելի դոլարիզացիայի որոշակի նվազում է տեղի ունեցել, այն շարունակում է բարձ մնալ։ Մյուս կողմից՝ տնտեսություն մեծ ծավալի դոլարային վարկեր են ուղղվել, ընդ որում՝ այնպիսի ոլորտներ, որոնցում եկամուտները դրամային են։
Այսպես, յոթ ամիսներին հանքագործական արդյունաբերության ընկերությունների վարկային պորտֆելը կրճատվել է Դ38,8 մլրդ-ով, ինչը նշանակում է, որ այդքան վարկ մարվել է։ Մյուս կողմից՝ էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանակման ոլորտի վարկային պորտֆելն աճել է Դ12,5 մլրդ-ով, առևտրի ոլորտինը՝ Դ16 մլրդ-ով, սպառողական վարկերինը՝ Դ7 մլրդ-ով։
Civilnet











