Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետություն ներկրված 17,8 հազ. ավտոմեքենաների 59,6%-ը կազմել են մինչև $3 հազ. մաքսային արժեք ունեցողները։ Սա այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակահատվածում էժան և հին ավտոմեքենաների (ավելի քան տասը տարվա մեքենաներ) մասնաբաժինը ընդհանուրում կազմում էր 55,6%։
Արդյունքում ստացվել է, որ թեև առաջին կիսամյակում Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը տարեկան կտրվածքով ավելացել է մոտ 18%-ով՝ կազմելով Դ17,8 հազ., մեքենաների մաքսազերծումից պետբյուջե վճարված գումարների ծավալն աճել է ընդամենը 9,5%-ով՝ կազմելով Դ18 մլն։
Հայաստանը ավտոգերեզմանոցի վերածվելու իրական պատճառը ոչ թե բնակչության գնողունակությունն է, այլ վարվող պետական քաղաքականությունը։ Այսօր մաքսազերծման ժամանակ հաշվի է առնվում միայն մեքենայի արտադրության տարեթիվը և շարժիչի հզորությունը, և ոչ թե նրա մաշվածության աստիճանը։
Ըստ մաքսային կարգերի՝ մինչև հինգ տարեկան մեքենաների մաքսազերծման գումարը կազմում է մեքենայի արժեքի 32%-ը, մինչև տասը տարվա մեքենաներինը՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42%-ը, 15 տարուց հին մեքենաներինը՝ 52%-ը։ Բացի այն, որ Հայաստանում բավական բարձ են մաքսազերծման տուրքերը, Պետական եկամուտների կոմիտեն մաքսազերծման ժամանակ հիմք է ընդունում ոչ թե գործարքի գինը՝ ինվոյսային արժեքը, այլ կիրառում է կողմնորոշիչ գների մեթոդը։ Պարզ ասած, անկախ նրանից, թե ինչ գնով է ձեռք բերվել մեքենան, մաքսային ծառայության աշխատակիցները մաքսազերծումն իրականացնում են ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա։
Հին և էժան ավտոմեքենաների ներկրմանը նպաստում է նաև օրենսդրական դաշտը։
2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտան «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի Դ25 մլն ($62 հազ.) և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև երկու տարին (ներառյալ թողարկման տարեթիվը) և 4,5 հազ. խսմ և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաների համար վճարվում է 20% ակցիզային հարկ։ Այս ամենի հետևանքով այս տարվա առաջին կիսամյակում $30 հազ-ից ավելի մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել է 20%-ով, անցած տարվա առաջին կիսամյակում թվաքանակը կրճատվել էր ևս 1/3-ով։
Civilnet











