Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության կամ էլ Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման գործընթացների տնտեսական բաղադրիչի մասով մասնագիտական խորը վերլուծություններ այսօր չկան՝ սեպտեմբերի 4-ին «Մրցունակության համաշխարհային զեկույց 2013-2014»-ի ներկայացմանը նվիրված ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։
«Տնտեսական բաղադրիչի մասով տեսնում ենք մասնագիտական խորը վերլուծության պակաս, որի հիման վրա կարելի է եզրակացություններ կատարել»,- նշեց Հերգնյանը։ Հերգնյանը առ այսօր «տեսել է ընդամենը մեկ վերլուծություն», որը պատվիրել է ԵՄ-ն, և որում գնահատվում են այն օգուտները, որը կարող էր ստանալ Հայաստանը՝ ստորագրելով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը. օրինակ՝ ՀՆԱ-ի աճ՝ 2,5%, արտահանման աճ՝ 15%, ներկրման աճ՝ 8%։
«Կարծում եմ սա է հիմնական խնդիրը, որ հանրային դիսկուրսում չի եղել մասնագիտական ուղղվածություն, որ լինի խորը վերլուծություն, թե այդ երկու փաստաթղթերից Հայաստան ինչ օգուտներ է ստանում և դրա հիման վրա որոշում կայացվի»,- ասաց Հերգնյանը։
(Լուսանկարը՝ PanArmenian-ի)
Civilnet











