Ռուսաստանի, Ղազախստանի և Բեռալուսի Մաքսային միությունը մաքսային տարածք է, որի շրջանակում չեն կիրառվում մաքսատուրքեր և տնտեսական սահմանափակումներ։ Միության անդամ երկրները միաժանակ կիրառում են միասնական մաքսատուրք երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ։ Բացի այդ, օրինակ, եթե ղազախական ընկերությունը ներկրում է իրականացնում եվրոպական որևէ երկրից, ապա բավարար է, որ նա ընդամենը մեկ անգամ անցնի բոլոր մաքսային ընթացակարգերը Բելառուսի սահմանում կամ Ռուսաստանում և այլևս որևէ մաքսային քաշքշուկի մեջ չհայտնվի։
Եթե նայենք միայն արտաքին առևտրի տեսակետից, ապա Հայաստանին ձեռնտու է Մաքսային միությանը միանալը, քանի որ այսօր Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի մոտ 22%-ը, իսկ ներկրման՝ 25,6%-ը։ Դա նշանակում է, որ ավելի քան $1 մլրդ-ի ապրանքների ներկրումը ազատված կլինի մաքսատուրքից, մաքսային ընթացակարգերից։ Այդ երեք երկրներին բաժին է ընկնում նաև Հայաստանի արտահանման 25%-ը, ինչը նշանակում է, որ այդ երկրների շուկաներում հայկական արտադրանքի իրացումը լուրջ խնդիրներ չի ունենա։ Ի տարբերություն եվրապական երկրների, որտեղ հիմնականում արտահանվում է հումք և կիսաֆաբրիկատներ (հիմնականում՝ հանքաարդյունաբերական արտադրանք), Մաքսային միության երկրներ Հայաստանին արտահանվում է վերամշակող արդյունաբերության արտադրանք՝ կոնյակ, սննդամթերք։
Բայց մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ միանալով Մաքսային միությանը՝ Հայաստանը առաջին հերթին պետք է գործող մաքսատուրքերը համապատասխանեցնի Մաքսային միության միասնական մաքսային տուրքին, որը հաստատվել է 2012թ. ։ Միասնական մաքսային տուրքերն իրականում ավելի բարձր են, քան ներկայում Հայաստանում սահմանված տուրքերն են։ Օրինակ՝ Հայաստանում ներկրման դեպքում գործում է մաքսատուրքի երկու դրույք՝ 0% և 10%, այնինչ Մաքսային միության տարածքում մի շարք ապրանքատեսակների գծով մաքսատուրքի չափը հասնում է 22,5%-ի, բավական քիչ ապրանքատեսակներ են ազատված մաքսատուրքից։ Օրինակ՝ հացահատիկը Հայաստանում ազատված է մաքսատուրքից՝ 0%, այն դեպքում, երբ մաքսային միասնական տուրքը սահմանված է 5%, իսկ, օրինակ, եթե Հայաստանում սուրճի մաքսատուրքը սահմանված է 10%, ապա Մաքսային միության տարածքում այն 0% է։
Չնայած այս ամենին՝ դժվար է միանշանակ պնդել, որ միասնական մաքսատուրքի կիրառումը կարող է ներքին շուկայում խնդիրներ առաջացնել։ Պետք է հաշվի առնենք, որ թեև սննդամթերքի համար Մաքսային միության տարածքում գործում են ավելի բարձր մաքսատուրքեր, Հայաստան ներկրված սննդամթերքի զգալի մասն ունի ռուսական ծագում, և դրանց վրա տարածվելու է 0% մաքսատուրք։ Սակայն առկա է նաև ներքին շուկայում մի շարք ապրանքների գների բարձրացման վտանգ։ Երրորդ երկրի ապրանքների համար բարձր մաքսատուրքերը կարող են հանգեցնել են նրան, որ Հայաստանում երրորդ երկրի ծագում ունեցող ապրանքների գները կա՛մ կբարձրանան, կա՛մ տեղի կունենա դրանց փոխարինում ռուսական կամ բելառուսական ապրանքներով։ Խնդիրն այն է, որ Հայաստանը, չունենալով ընդհանուր սահման Մաքսային միության երկրների հետ, չի կարող օգտվել մաքսազերծման վարչարարության թեթևացումից։
Մաքսային միության միասնական տուրքեր որդեգրելու դեպքում Հայաստանը կարող է նաև գլոբալ խնդիրներ ունենալ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ։ Հայաստանը, անդամակցելով ԱՀԿ-ին, ստանձնել է մաքսատուրքի սահմանման 10% առավելագույն դրույքաչափի պարտավորություն: Իհարկե, ԱՀԿ-ի պահանջներով մաքսատուրքի առավելագույն չափը կարող է կազմել 15%, բայց նույնիսկ այս պարագայում Հայաստանը Մաքսային միության միասնական տուրքեր սահմանելու համար պետք է լուրջ բանակցություններ վարի ԱՀԿ-ի հետ կամ դուրս գա նրա կազմից, որին անդամակցել է 2003թ.։
Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական օգուտների կամ վնասների հստակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ավելի խորը վերլուծություն, որը սակայն ո՛չ Միության անդամ երկրները, ո՛չ էլ Հայաստանի կառավարությունը չեն իրականացրել:
Civilnet











