Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Հայաստանի կողմից թողարկվելիք դոլարային եվրապարտատոմսերին շնորհել է BB- (EXP) հնարավոր վարկանիշը։ Ըստ վարկանիշային գործակալության հաղորդագրության՝ պարտատոմսերին վերջնական վարկանիշ կշնորհվի թողարկման ազդագիրն ստանալուց հետո, որը պետք է համապատասխանի մինչ այս արված հայտարարություններին։
Պարտատոմսերին շնորհված նախնական վարկանիշը համապատասխանում է այս տարվա օգոստոսի 16-ին Fitch վարկանշային գործակալության՝ Հայաստանի, որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշին (BB-՝ «կայուն» կանխատեսմամբ): Միևնույն ժամանակ, Fitch-ը հաստատել էր թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը B, իսկ երկրի առաստաղային վարկանիշը՝ BB մակարդակներում։
Նշենք, որ կապիտալի գլոբալ շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգը կառավարությունը հաստատել էր այս տարվա մայիսի 16-ին։ Համաձայն հայեցակարգի՝ պետպարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալը կլինի $500 մլն, շրջանառության ժամկետը՝ 10 տարի։
Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով գործադիրը միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքել Cleary Gottlieb Steen & Hamilton LLC ընկերության հետ։ Բացի այդ, օգոստոսի 8-ին կառավարությունը հավանություն է տվել մի շարք տեղաբաշխող ընկերությունների հետ պայմանագրեր ստորագրելու նախագծին։ Տեղաբաշխողների թվում են HSBC Bank-ը, J.P.Morgan Securities-ը, Deutsche Bank AG-ն (London Branch)։
Civilnet











