ՀՀ կառավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան Oracle ընկերության միջև սեպտեմբերի 13-ին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի ստորագրումից հետո հրավիրված ասուլիսին էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն ասաց, որ ընկերության հետ համագործակցության համաձայնությունը ձեռք է բերվել դեռ անցած տարի վարչապետ Տիգրան Սարգսյանի` Ֆրանկֆուրտ կատարած այցի ժամանակ:
Oracle-ի փոխնախագահ Ալեն Բլանն էլ ասաց, որ ներկայում իրենք Հայաստանում մի շարք գործընկերներ ունեն, որոնք օգտվում են Oracle-ի տվյալների բազաներից ու ծրագրային լուծումներից, և ընկերությունը ցանկանում է ավելի լայն ներկայացված լինել Հայաստանում:
Ալեն Բլանի խոսքով` փոխըմբռնման հուշագրով նախատեսված է համագործակցություն երեք ուղղություններով: Առաջինը կրթական ծրագրերի ոլորտն է. այցելելով Հայաստանի բուհեր` ընկերության ներկայացուցիչներն արձանագրել են, որ հայ ակադեմիական շրջանների համար անհրաժեշտ է որակյալ ծրագրերով վերապատրաստումներ կազմակերպել:
Երկրորդ ուղղությունը նախատեսում է համագործակցություն կառավարության հետ` էլեկտրոնային կառավարման բնագավառում, մասնավորապես` դրանում Oracle-ի տվյալների բազաների և ծրագրային լուծումների օգտագործում: Երրորդ ուղղությունը ենթադրում է Հայաստանում Oracle-ի Գերազանության կենտրոնի հիմնում, որի միջոցով ընկերությունն իր փորձի օգնությամբ կնպաստի Հայաստանի տնտեսական աճին:
Հարցին, թե որքան գումարների սարքավորումներ և ծրագրային լուծումներ պետք է կառավարությունն Oracle-ից ձեռք բերի և թե ընկերությունը որքան գումար է ներդնելու Հայաստանում, Բլանն ասաց, որ դեռ բավական վաղ է նման գնահատականների համար, քանի որ համագործակղցությունը դեռ նոր է ձևավորվում, և այդ հարցին ավելի հստակ հնարավոր կլինի պատասխանել մեկ տարի հետո:
Oracle-ը 2009-ից Sun Microsystems ընկերությանը կլանելուց հետո սկսել է արտադրել նաև սերվերներ, իսկ մինչ այդ զբաղվում էր միայն դրանց ծրագրային լուծումների ապահովմամբ։
Ընկերությունը հիմնվել է 1977թ., ներկայում ունի 390 հազ. գնորդ։ Ներկայացուցչություններ ունի աշխարհի ավելի քան 145 երկրում: Աշխատակիցների թիվը 120 հազ. է, տարեկան շրջանառությունը կազմում է $40 մլրդ:
Civilnet











