Երևանում հնդկական ավտոբուսների հավաքման գործընթացը տեղից չի շարժվում։ Այս տարվա հունվարի 16-ին կառավարությունը որոշում էր ընդունել Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածում 2,9 հա տարածք՝ 1 քմ-ը Դ34,5-ով տարեկան վարձավճարով ու 35 տարի ժամկետով, հանձնել գերմանական MED. A. K GmbH ընկերությանը։ Վերջինս այդ տարածքում պետք է կազմակերպեր հնդկական Ashok Leyland միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսների արտադրություն։ Տարածքի տարեկան վարձավճարը առաջիկա յոթ տարիների համար կազմում է Դ1 մլն. գումարն ուղղվելու է պետբյուջե։
Սեպտեմբերի 13-ի կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե որ փուլում է ավտոբուսների արտադրության կազմակերպման նախագիծը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց. «Մինչև ամսվա վերջ այդ մարդիկ կլինեն քաղաքում, բանակցությունները կշարունակվեն։ Վճարները կատարվել են, մնացածի մասին հետո կտեղեկացնենք»։
Ի դեպ, հունվարին՝ կառավարության որոշումից հետո, տրանսպորտի և կապի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել միջին և մեծ տեղատարողության ավտոբուսների արտադրություն՝ 7 տարվա ընթացքում ներդնելով $7 մլն։ «Գործարանի շինարարությունը կմեկնարկի 2013թ. առաջին եռամսյակում։ Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչև 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս»,- նշված էր նախարարության հաղորդագրությունում։
Գերմանական MED. A. K GmbH ընկերության մասին համացանցում տեղեկատվություն գրեթե չկա, բացառությամբ, որ ընկերությունը գրանցված է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, կազմակերպության միակ կոնտակտային անձը ոմն Արտակ Սարգսյանն է։
Ինչ վերաբերում է MED. A. K GmbH ընկերությանը փոխանցված տարածքին, ապա տրանսպորտի և կապի նախարարության առաջարկությամբ 2012թ. դեկտեմբերի 20-ին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանվեց Երևանի Նորքի 5-րդ զանգվածում գտնվող 2,9 հա հողատարածքը և գույքը ու կառավարության որոշմամբ հանձնվեց Պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը։ Անշարժ գույքի մնացորդային արժեքը գնահատվել էր Դ2,5 մլն, կամ 1 քմ-ի դիմաց միջինը՝ Դ385։ Եվ սա այն դեպքում, երբ Նորքի 5-րդ զանգվածում 1 քմ տարածքի գինը երկրորդային շուկայում Դ200 հազ. է։
Civilnet











