Հայաստանը մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերել դոլարային պարտատոմսերի թողարկման հարցում, որոնք, ինչպես ակնկալվում է, շուկայում կհայտնվեն այս կամ հաջորդ շաբաթ, գրել է ամերիկյան Wall Street Journal-ը:
Ինչպես նշում են պարբերականի հոդվածագիրներ Սերենա Ռուֆոնին և Քեթի Մարտինը, անհրաժեշտ է ընտրել պարտատոմսերի անվանում: Այսպես՝ Ավստրալիայում դրանք կոչվում են «կենգուրու», իսկ Ճապոնիայում՝ «սամուրայ»:
Հանդեսի հոդվածագիրները հարց են տալիս, թե ինչով է հայտնի Հայաստանը:
«Պարտատոմսերի անվանման մի շարք տարբերակների թվում են ծիրանը, որի հայրենիքը, ըստ տարածված կարծիքի, Հայաստանն է, ինչպես նաև Լոս Անջելեսի աստղեր Քարդաշյանները»,- գրում են Սերենա Ռուֆոնին և Քեթի Մարտինը` մտավախություն հայտնելով, որ «ծիրանը» դժվար թե ժողովրդականություն վայելի:
Standard Bank-ի զարգացող շուկաների վերլուծաբան Թիմ Էշը հաճախորդների հետ գրառումներում պարտատոմսերն արդեն անվանել է «Քարդաշյաններ», այնպես որ՝ անվանումն արդեն շրջանառության մեջ է, ամփոփում են հոդվածագիրները:
ՀՀ ֆինանսների նախարարությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում որևէ կերպ չմեկնաբանեց այս լուրը:
Կառավարությունը այս տարի որոշում է կայացրել 500 մլն դոլարային արտարժութային պետական պարտատոմսերի թողարկման վերաբերյալ: Անցյալ շաբաթ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այցելել էր ԱՄՆ` պոտենցիալ ներդրողների, մասնավորապես՝ HSBC Bank-ի, J.P.Morgan Securities-ի, Deutsche Bank AG-ի (London Branch) հետ հանդիպման նպատակով:
Civilnet











