Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են 2014թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում վերջնականացվելու է բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային ժողով:
Կառավարությունը սեպտեմբերի 13-ի նիստին ի գիտություն էր ընդունել ֆինանսների նախարարության ներկայացրած 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: Ըստ փաստաթղթի՝ բյուջեի ծախսային մասը կկազմի Դ1,272 տրլն, եկամտային մասը՝ Դ1,145 տրլն։ Պետբյուջեի եկամուտներն այս տարվա համեմատ կաճեն 10,8%-ով կամ Դ112 մլրդ-ով, ծախսերը՝ 10,4%-ով կամ Դ120 մլրդ-ով։ Հարկային մուտքերը պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների փաստաթղթով ծրագրվել են Դ1,103 տրլն, ինչն այս տարվա համեմատ կավելանա 110 մլրդ-ով, կամ 11%-ով։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2014թ. համար կանխատեսվել է 22,75%:
Civilnet











