Քաղքենին

Քաղքենին Հայաստանի առաջին խնդիրն է, ավելին, քան Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած: Քաղքենին քաղցկեղ է, ոչ թե կրակոց՝ արված սահմանի մյուս կողմից: Միայն քաղքենին կարող էր սեփական երկիրը քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով տանել-խցկել Ռուսաստանի ձեռքը, որտեղ մի անգամ արդեն եղել է: Քաղքենին միայն իր ծուլության հիշողությունն ունի: Սակայն նրան ծույլ չես ասի: Քանի որ այլևս երեխա չէ: Նրա համար շատ կարևոր է, որ շուրջը ոչինչ տեղի չունենա: Ծույլից քաղքենին տարբերվում է նրանով, որ քաղքենին մրջյունի ջանասիրությամբ է աշխատում, որպեսզի ոչինչ տեղի չունենա: Նա ճահճի արտադրամաս է:
Քաղքենու մասին են ասում գեղցի, որովհետև քաղաքի պատրանքով է նա գյուղից ճանապարհ ընկնում, սակայն այդպես էլ տեղ չի հասնում: Գյուղն այս դեպքում պետք չէ բառացի ընկալել, ինչպես և՝ քաղաքը: Նա «շինարար» է, ժամանակակից Երևանի բնակելի շքեղ շինությունների մեծ մասը կառուցել է քաղքենին: Այսինքն, իր «գլխում» ունեցել է այդ շենքերը: Եվ, ինչպես հասկանում եք, առանց զոհերի չի կարողացել դա անի: Մենք գիտենք, թե քանի հոգի տուժեցին «պետական շահ» ասվածից: Քաղքենին ատում է կամուրջները: «Շինականի» իր էությամբ նա ոչ մի կամուրջ չի կառուցի: Որովհետև երբ ինքը դեպի լավ կյանք մեկի հետ անցնում է կամրջով, ամեն ինչ կանի, որպեսզի մյուսը մնա կամրջի հակառակ կողմում: Նա ճանապարհ ընկնողն է պայմանով, որ բոլոր ճանապարհները տանում են այնտեղ, որտեղ ինքը մի անգամ արդեն լավ է ապրել: Կամ պետք է լավ ապրի:
Քաղքենին երբեք չի դադարում մտածել ապրելու մասին: Բանաստեղծը քաղքենու մասին է ասել՝ «ոչ թե ապրում է, այլ զբաղված է ապրելով»: Հեղափոխականությունը խորթ է նրան: Նա կարող է միանալ հեղափոխականներին, եթե արդեն ամեն ինչ ավարտվել է: Քաղքենին պաշտում է բնորոշումները: Եթե նրան թիթեռ ցույց տաս, չի տեսնի, բայց եթե ասես՝ տես, թե ինչ շքեղ գույներ կան նրա վրա, կտեսնի: Դա չի նշանակում, որ նա գեղագետ է: Դա նշանակում է, որ ինքնուրույն չի մտածում: Ինքնուրույն չի կարողանում գնահատել գեղեցիկը: Քաղքենին սուր աչք ունի հատկապես գնահատականներից հետո: Նրա բոլոր զգացումները կապված են հարմարավետության օրգանի հետ: Ոչ մի զգացում չի կարող շրջանցել այդ օրգանը: Սակայն իր հարմարավետությունը քիչ է քաղքենու համար:
Նա պետք է տեսնի, թե ով է ավելի վատ ապրում: Առանց դիմացինի անհարմարության քաղքենի գոյություն չունի: Կողքից միշտ մեկը պետք է նրանից վատ զգա իրեն: Կողքինը պետք է թակի դժբախտության առաջին պատահած դուռը: Ըստ այդմ, նա իբրև փարոս ունի մյուսին, որն իրենից լավ է ապրում: Քաղքենին կոնկրետ մարդն է, նպատակներ չունեցող քաղքենի չկա: Եթե նրա հետ խոսում եք Չիլիի ջրհեղեղից, տեղի ունեցածի մասշտաբները նա կհասկանա, եթե կարողանաք ներկայացնել, թե Խեսուս Ռամոսն ինչպես կորցրեց տունը, ինչպես զրկվեց ոսկեղենից: Բայց եթե Խեսուս Ռամոսը պահպանել է տունն ու ոսկին, բայց կորցրել է շանը, քաղքենին կծամի իր նրբերշիկը կամ մտովի կփայփայի այդ պահը, թե երբ է ծամելու:
Ի տարբերություն ոչ քաղքենու, քաղքենին մեծանում է, հետևողականորեն հեռանում է մանկությունից: Եթե ազնիվ է, ապա միայն ծայրահեղություններում, ազնվորեն կարող է ատել թուրքին, որի աչքերի մեջ չի նայել: Ոչ մի գժություն քաղքենուց սպասելի չէ, նա չի կարող լինել խմբի ոգին, նրա կիթառը Ռուբեն Հախվերդյան չի կարող նվագել, եթե դրանից առաջ թպրտացել է Թաթուլը: Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքի հերոսը՝ չինովնիկը, որը փռշտացել էր ուրիշի թիկունքին և նրա թքից ինչ-որ կաթիլ էր ընկել դիմացինի կոստյումին, չի կարողանում ապրել իր տասնյակ անգամ հնչեցրած ներողությունից հետո, որովհետև դրա դիմաց ավելին չի ստացել: Նրան չի բավարարում, որ իր փռշտոցի «զոհը» կարևորություն չի տալիս էդ կաթիլին: «Զոհը» պիտի ամբողջ էությամբ ցածրանա փռշտացող չինովնիկից: Չի ցածրանում: Եվ չինովնիկն արդյունքում մեռնում է: «Զոհից» անկախ կյանքը խորթ էր չինովնիկին: Ի դեպ, հենց այդ կախյալության ետևից էլ գնում է իր անկախության հերթական օրվան մոտեցող Հայաստանը:
Թեմա
Մհեր Արշակյան










