Հայաստանն ունի առաջնակարգ ՏՏ ընկերություններ ներգրավելու կարիք. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը:
Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում, որը կառավարության գերակայություններից մեկն է, տեղի են ունենում որակական փոփոխություններ: «Ակնհայտ է, որ որակական փոփոխությունների մեջ իրենց դերակատարությունն ունեն նաև այն աշխարհահռչակ ընկերությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են արդյունավետ գործունեություն: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի արձանագրենք «Մենթոր Գրաֆիկս»-ի հաջողություններից մեկը, մասնավորապես, հինգ տարվա գործունեության արդյունքում ընկերությունը մի քանի անգամ ավելացրել է իր աշխատանքների ծավալները, կարողացել է հավաքագրել բարձրորակ մասնագետներ: Ընկերությունը դրանով իսկ նպաստել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի զարգացմանը և մեր երկրի դիրքավորմանը, որպես այս բնագավառում հարաբերական առավելություն ունեցող պետություն: Իհարկե վաղ է հանգստանալ՝ արձանագրելով այս հաջողությունները, որովհետև դեռևս մեծ անելիքներ ունենք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի առաջնակարգ ընկերություններ ներգրավելու կարիք, որոնք իրենց հետ բերում են նոր մշակույթ, հնարավորություն են տալիս Հայաստանում ձևավորել նոր ինստիտուտներ և հարաբերություններ:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս կարևորել է առաջատար ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա:
«Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլը նշել է, որ իր գլխավորած ընկերությունը ևս ամեն ինչ կանի՝ ՏՏ ոլորտում Հայաստանի համար նոր հաջողություններ գրանցելու համար: Գրեգորի Հինկլի խոսքով՝ էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ոլորտում Հայաստանն աշխարհում ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը, ինչը այս բնագավառում մեր երկրի զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է:
«Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն (Nasdaq: MENT) էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումների ուղղվածությամբ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն իր գործունեությունն իրականացնում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հայաստանում: Ընկերությունն զբաղվում է էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում աշխարհի հեղինակավոր ընկերություններին արտադրության, մասնագիտական խորհրդատվության և բարձրորակ սպասարկման տրամադրմամբ:
2008թ. հուլիսին «Մենթոր Գրաֆիկս»-ն իր ներկայացուցչությունը բացել է Հայաստանում` գնելով «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը (Մաունթին Վյու, Կալիֆորնիա): ՀՀ-ում 5-ամյա գործունեության արդյունքում ընկերությունը գրեթե եռապատկել է իր կարողությունները. 2008թ. «Մենթոր Գրաֆիկս»-ն ուներ միայն մեկ բաժին, կար մոտ 40 աշխատակից: 5 տարվա ընթացքում այստեղ բացվել է ևս երկու բաժին, իսկ աշխատակիցների թիվը 120 է:
Թեմա
Civilnet










