Պետական բյուջեի կատարումը ամբողջովին կախված է լինելու տնտեսական աճից և գնաճից։ Գալիք տարի հարկային եկամուտների ավելացում վարչարարության հաշվին նախատեսված չէ։
Կառավարությունը սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստին հավանություն տվեց 2014թ. պետական բյուջեի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։ Սեպտեմբերի 13-ին կառավարության կողմից ընդունված «2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակի» համեմատ՝ բյուջեի նախագծի ցուցանիշները ճշգրտվել են դեպի նվազեցում: Այսպես՝ բյուջեի նախագծով եկամուտները կկազմեն 1,127 տրլն դրամ (18 մլրդ-ով պակաս), ծախսերը՝ 1,237 տրլն դրամ (36 մլրդ-ով պակաս), իսկ բյուջեի պակասուրդը՝ 110,5 մլրդ դրամ (17 մլրդ-ով պակաս):
2013թ. բյուջեի համեմատ եկամուտները կավելանան մոտ 10%-ով, ծախսերը՝ 9,7%-ով: 2013թ. բյուջեի եկամուտների աճը կազմել էր 13,3%, իսկ ծախսերը՝ 10,3%:
Բյուջեի հիմքում կառավարությունը դրել է 5,2% տնտեսական աճը այն դեպքում, երբ «Հայաստանի 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով» 2014թ. համար կանխատեսվել էր 6,3% տնտեսական աճ։ Փաստացի կառավարությունը տնտեսական աճի նախորդ իր կանախատեսումը նվազեցրել է 1,1 տոկոսային կետով։
Նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությանը սպասում է լարված աշխատանք: «Զարգացած երկրներում տեղի է ունենում ցուցանիշների վատթարացում, միջազգային ֆինանսական կառույցները՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել են Ռուսաստանի տնտեսական աճի ցուցանիշների կանախատեսումները։ Դա մեզ վրա ազդեցություն է թողնելու»,- նշեց նա՝ հավելելով, որ կառավարությունը չի ավելացնում հարկային բեռը, թեև ծրագրում էր հարկեր/ՀՆԱ ցուցանիշի տարեկան բարելավում 0,3-0,4 տոկոսային կետով։ Դա արվում է, որպեսզի բիզնեսի վրա չլինեն ավելորդ ճնշումներ։
2014թ. բյուջեի նախագծում կառավարությունը ճշգրտել է նաև հայրկային մուտքերի ծավալը՝ այն նվազեցնելով 10 մլրդ-ով՝ մինչև 1,09 մլրդ դրամ։ Հարկային մուտքերի ծավալը ճշգրտվել է, և այս տարվա համեմատ կավելանա 98 մլրդ-ով կամ մոտ 10%-ով:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողներին ասաց, որ հարկային վարչարարության մասով ՊԵԿ-ը հասել է մի մակարդակի, երբ յուրաքանչյուր տարի միայն զուտ վարչարարության հաշվին լրացուցիչ հարկային մուտքերի հավաքագրումը շատ սահմանափակ է դառնում։ «Մենք ավելի կողմնակից ենք, որ եկամուտների հավաքագրումը իրականացվի միայն տնտեսության աշխուժացման հաշվին»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե կանխատեսված անվանական ՀՆԱ-ի ցուցանիշը չապահովվի, ապա կստեղծվեն եկամուտների ապահովման ռիսկեր, և այդ դեպքում փոխհատուցումը պետք է կատարվի վարչարարության հաշվին։
Արմենակ Չատինյան
Civilnet











