Նախագահը կառավարության առջև խնդիր էր դրել 2013թ. ապահովել 7% տնտեսական աճ: Կառավարությունը սպասում է, որ տնտեսությունը կաճի ընդամենը 4,1%-ով, թեև բյուջեի հիմքում դրված է 6,2% աճը:
Սեպտեմբերի 28-ին կառավարության արտահերթ նիստին 2014թ. պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից քաղծառայողների, հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նպատակով բյուջեի ծախսերը ավելացել են 36,6 մլրդ դրամով, իսկ կենսաթոշակները հունվարի 1-ից միջինը 15%-ով բարձրացնելու համար ծախսերը ավելացել են 34,1 մլրդ-ով: Ըստ նրա՝ 2014թ. ներդրվող պարտադիր կուտակային կենսոթոշակի համակարգի մասով պետբյուջեի ծախսը կկազմի 20 մլրդ դրամ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կենսաթոշակների բարձրացումը, պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը միջինը 40%-ով բարձրացումը պետք է իրականացվի լրացուցիչ շուրջ 90 մլրդ դրամ հարկային մուտքերի հավաքագրման հաշվին։
Ուշագրավ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 28-ին կրթության և գիտության նախարարություն աշխատակազմի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, «նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 000 դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 000 դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից»:
Պետական համակարգում ներկայում գլխավոր մասնագետի աշախատավարձը տատանվում է 100-120 000-ի սահմաններում, իսկ բաժնի պետերինը՝ 130-180 000-ի։ Փաստացի նախագահը ԿԳՆ-ում խոստացել էր հունվարի 1-ից աշխատավարձերի կրկնակի բարձրացում։
Նախագահի հայտարարությունից և կառավարության կողմից միայն հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրացնելու մտադրությունը ցույց է տալիս, որ կառավարությունն ըստ էության ի վիճակի չէ ապահովել նախագահի հանձնարարականը և չի կարողանում հայթայթել ևս մոտ 40 մլրդ դրամ, ինչը թույլ կտար աշխատավարձերը բարձրացնել հունվարի 1-ից։ Եթե հաշվի առնենք, որ այս տարվա համար կառավարությունն արդեն ծրագրել է 7,4% գնաճ՝ բյուջեի հիմքում դրված 4±1,5%-ի համեմատ, ինչպես նաև՝ Կենտրոնական բանկի կանխատեսումները, որ բարձր գնաճային ֆոնը կպահպանվի նաև 2014թ. առաջին կիսամյակում, ապա հասկանալի է, որ մինչև հուլիսի 1-ը պետական համակարգի աշխատակիցների գնողունակության նվազում է տեղի ունենալու։
Ի դեպ, նախագահը կառավարության առջև այս տարի խնդիր էր դրել ապահովել 7% տնտեսական աճ՝ բյուջեի հիմքում դրված 6,2%-ի փոխարեն: Սակայն 2014թ. բյուջեի նախագծի ուղերձում կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի տնտեսական աճը կլինի 4,1%։ Փաստացի, կառավարությունը չի իրականացնում նախագահի հանձնարարականները։
Արմենակ Չատինյան
Civilnet











