Իսկ Սերժ Սարգսյանին ոչ մի կերպ չեն հիշում

Կանայք Սամվել Ալեքսանյանին ասում են բարերար: Որովհետև աշխատանքի և մի կտոր հացի իրականությունը բարձր են դասում Փակ շուկան որպես հուշարձան կորսված համարելու դժգոհությունից: Կանայք ասում են՝ Սամվել Ալեքսանյանը հաց է տալիս: Այսինքն, մեր այսօրվա երաշխավորն է: Ու գիտեն, թե ինչ են ասում: Չասեն, վատ կլինի: Փակ շուկայի համար բողոքողները քաղաքացիական հասարակություն են կոչվում: Նրանք երբեք չեն վիճարկում, որ Սամվել Ալեքսանյանն ինչ-որ անում է, ինքնագլուխ չի անում: Նույնիսկ քաղաքապետն ու մշակույթի նախարարությունն ինքնագլուխ չեն հռչակում իրենց անզորությունը: Բոլորը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունը, այս ամբողջ պատմությունից մի կողմ են մղել Սերժ Սարգսյանին: Որովհետև Սամվել Ալեքսանյանի օգտին բողոքողներն էլ են միացել «քաղաքացիական հասարակություն» կոչվող թատրոնին: Այսինքն, ումի՞ց են վատը:
Տրանսպորտի թանկացման դեմ բողոքողները չեն վիճարկում Սերժ Սարգսյանի մասնակցությունը այդ գործին: Ոստիկանները ծեծում են ակտիվիստներին. Սերժ Սարգսյանը, որպես ծեծի պաշտոնական և բարձր հովանավոր, չկա ու չկա: Սուրեն Խաչատրյանի որդին մարդ է սպանում ու ազատ արձակվում, երկրի գործող ղեկավարը այս պատմության մեջ չկա: «Քաղաքացիական հասարակություն» կոչվող շղարշը Հայաստանում ստեղծել է մի իրականություն, որտեղ փոշիացել է այդ մարդու դերակատարությունը ցանկացած ապօրինության մեջ: Եվ տպավորություն է ստեղծվում, որ ազատամարտիկին ձերբակալում են իսկապես ինչ-որ կաշառք վերցնելու համար, որ Հայաստանը բաց հանքերով են ողողում իսկապես ինչ-որ անհայրենիք մարդկանց ագահության արդյունքում, որ «Արմավիան» սնանկանում է Միկա Բաղդասարովի անշնորհք կառավարման պատճառով, որ Հանրային խորհուրդն իսկապես գործ է անում, որ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը հատկապես սեփական անպատժելիության բարձունքից է քաղաքացուն «էշ» և «ոչխար» ասում և այլն:
Եվ թող որևէ մեկը ասի, որ այս ամբողջ պայքարի արդյունքում գոնե կես քայլ արդյունքի է հասել: Այդ պայքարի անարդյունավետությունն ու անավարտությունն է խոսում ինչ-որ մեկին ապահովագրելու օգտին: Ոչ մի խոշոր ապօրինության համար ոչ մեկը դեռևս պատասխան չի տվել: Եվ չնայած դրան չկա մեկը քաղաքացիական հասարակությունում, համենայնդեպս այն հատվածում, որն ամեն օր փողոցներում է, որ հասկացնի անտարբեր հատվածին, թե ինչու պատասխան չեն տալիս: Այսինքն, ինչու գլուխներ չեն «թռնում»: Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում տեղի ունեցող բոլոր խոշոր հանցագործություններից մաքրել է Սերժ Սարգսյանին: Եթե նրա անունն ասեն, հավանաբար վատ կլինի, այլապես ինչո՞ւ չասել: Չկա՞ ինքը այս ամենի մեջ: Իրենից անկա՞խ է տեղի ունենում ամեն ինչ: Ինքը Հայաստանում չի՞ եղել, երբ Գորիկ Հակոբյանը քաղաքացուն ասաց «ոչխար»: Եվ շեֆի Հայաստանում չլինելո՞վ է Գորիկ Հակոբյանը դառնում իրավացի կամ անձեռնմխելի:
Հասկանո՞ւմ եք, Սերժ Սարգսյանը չկա նույնիսկ այն հարցի մեջ, թե ինչու երկու նախագահության ընթացքում այդպես էլ չհանդիպեց լրագրողների հետ (միակ հանդիպման դերասանությունը դնենք մի կողմ):
Փաստն այն է, որ կլանի յուրաքանչյուր անդամ քաղաքացիական հասարակության գործունեության արդյունքում դարձել է առանձին խաղացող: Բյուրեղյա մաքրության գործիչ էր Սերժ Սարգսյանը մինչև Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը: Եվ երբ երկրի փաստացի ղեկավարը բառացիորեն մի քանի ժամում որոշում է Հայաստանը միացնել Մաքսային միությանը (այլ հարց է այդ որոշման հետևանքները), արդեն շատ ուշ է դժգոհելը, թե ինչու նա հաշվի չի առել Հայաստանի ժողովրդի տեսակետը: Ես նույնպես հաշվի չէի առնի: Նախ, որովհետև Սերժ Սարգսյանն արդեն բյուրեղյա մաքրության գործիչ է, երկրորդ, որովհետև քաղաքացիական հասարակությունն այս ամբողջի մեջ ապակենտրոնացրեց Հայաստանի թիվ մեկ խնդիրը՝ լեգիտիմ իշխանության բացակայության դերը բացառապես բոլոր հանցագործություններում: Այսօր ոչ լեգիտիմ իշխանությունն այլ բան է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, քաղաքապետարանի, Նարեկ Սարգսյանի և օլիգարխների կատարած հանցագործությունները բոլորովին այլ խնդիր են: Եվ անիմաստ չեն հնչում նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի այն խոսքերը, որ ինքն այսօր էլ «Նաիրիտի» աշխատակցին կասեր համբալ: Ես էլ կասեի: Քանզի, «ճիշտ» է Կարեն Կարապետյանը՝ իսկ ի՞նչ է փոխվել Հայաստանում այն օրից, այսինքն, 2010թ. նոյեմբերի 12-ից, երբ ինքն առաջին անգամ Հայաստանի չարքաշ քաղաքացուն «համբալ» ասեց:
Հայաստանն այլևս չունի քաղաքական հրամայականներ: Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի թեկնածու է առաջադրում Գևորգ Կոստանյանին, և բոլորի ուշքն ու միտքը այդ մարդուն Աղվան Հովսեփյանի հետ համեմատելն է: Տղերք, էդ մարդը Եվրախորհրդից է սկսել, այսինքն, ժողովրդավարության գրասենյակից, որտեղ պատահած եվրոպացուն համոզել է, որ «Ա1 պլյուսի» եթերազրկումն անհրաժեշտություն էր, էդ մարդը բանակում խաղաղ պայմաններում որդի կորցրած ոչ մի մոր չի մխիթարել իրականության բացահայտումով: Էդ մարդը Լիսկայի մարդասպան որդուն է ազատ արձակում: Էդ մարդը թիկունքում լուծած խնդիր չունի, և էդ մարդու շեֆը եղել է նույն Աղվան Հովսեփյանը: Էդ մարդը հաջողացրել է միշտ երկիրը ձախողելու գնով: Եվ էդ մարդուն առաջադրողն ու ի վերջո նշանակողն էլ նա է, ով կարծես թե բոլոր խնդիրների համար մի պատասխան է գտել՝ «գաղջ մթնոլորտ» ու քաշվել մի կողմ:
Մհեր Արշակյան










