Մաքսային միությունում արդեն ստեղծվել են այնպիսի գործիքներ, որոնք նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը. այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստից հետո ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ համատեղ ասուլիսին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հարցին` վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ իր դիրքորոշումը չի փոխվել, այն համահունչ է Ռուսաստանի իշխանությունների տեսակետին: Ուշագրավ է, որ ավելի վաղ Տիգրան Սարգսյանը դեմ էր արտահայտվում Հայաստանի` Մաքսային միությանը միանալուն: Մասնավորապես` 2012թ. ապրիլին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վարչապետն ասել էր. «Մաքսային միությունը մեզ համար անիմաստ է»:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որը հնչեցվեց նախորդ տարվա օգոստոսին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, հետևյալն էր. հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, մենք պետք է աշխատենք, թե ինչպես Հայաստանը պետք է ինտեգրվի Մաքսային միությանը: Հանձնարարական տրվեց նախագահների կողմից, որպեսզի մենք մշակենք ինտեգրացիոն գործընթացի գործիքակազմը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, մասնավորապես, ընդհանուր սահմանների բացակայությունը,- ասել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ երկու նախագահների հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվել է աշխատանքային խումբ: -Մենք ինտենսիվորեն աշխատեցինք նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` համագործակցության շուրջ: Արդյունքում, ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Խրիստենկոյի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այս ամենի արդյունքում ՄՄ-ում արդեն ստեղծվել են այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս կտրուկ նվազեցնել այն տրանսակցիոն ծախսերը, որոնք առկա են ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով: Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը»:
Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այս ամենի արդյունքում էլ կայացվել է երկու երկրների նախագահների որոշումը: Այժմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները պետք է աշխատեն այդ որոշման իրականացման ուղղությամբ:
Ասուլիսում տեղեկացվել է նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու ուղղությամբ:
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020թ. տնտեսական համագործակցության ծրագիրը:
Civilnet











