«ՀայՌուսգազարդը» երկրորդ եռամսյակում յուրաքանչյուր 1000 խմ գազի հաշվով կրել է $20-ի վնաս
Գործադրի կողմից ռուսական գազի ձեռքբերման գնի 30%-ը սուբսիդավորելու խոստումը չկատարելու արդյունքում «ՀայՌուսգազարդի» կրած վնասները կարող են կազմել $7 մլն։
Թեև կառավարությունը խոստացել էր սուբսիդավորել ռուսական գազի $280/1000 խմ ձեռքբերման գնի 30%-ը, սուբսիդավորման մեխանիզմների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն առայժմ չի հնչել։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի սեպտեմբերի 11-ին կատարած վերջին հայտարարության համաձայն՝ ռուսական կողմի հետ արդեն պայմանավորվածություն կա գազի գնի սուբսիդավորման շուրջ։ «Համաձայնությունը ձեռք է բերվել Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացի շրջանակներում»,- ասել էր նախարարը։
Հարցին, թե արդյոք ստացվել է կառավարության կողմից խոստացված 30% սուբսիդավորման գումարը, և կատարվել են արդյոք հուլիսին ձեռքբերված գազի դիմաց վճարումները, «ՀայՌուսգազարդում» նշեցին, որ ընկերությունը ամեն ամիս վճարել է ներկրված գազի դիմաց՝ պայմանագրով սահմանված կարգի համաձայն։ «ՀայՌուսգազարդը կառավարությունից սուբսիդավորում դեռ չի ստացել, բայց սպասվում է»,- ասացին ընկերությունում։ Փաստորեն, «ՀայՌուսգազարդը» սեփական միջոցներից է վճարել խոստացված 30%-ը։
Նշենք, որ ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդը» ռուսական գազը ձեռք է բերում $280/1000 խմ գնով։ Հուլիսի 7-ին վերջնական սպառողների համար գազի սակագինը հաստատելիս (բնակչության համար 1 խմ դիմաց՝ 156 դրամ, խոշոր գազասպառողների համար՝ $276,98/1000 խմ) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմնվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական նամակի վրա, թե կառավարությունը կսուբսիդավորի գազի գնի 30%-ը, և սակագնի հիմքում դրեց $189/1000 խմ գինը։
Հուլիսի 7-ից ներքին շուկայում «ՀայՌուսգազարդը» գազն իրացնում է $260/1000 խմ միջին գնով՝ առանց ԱԱՀ-ի։ Սա նշանակում է, որ ընկերությունը երկրորդ եռամսյակում յուրաքանչյուր 1000 խմ գազի հաշվով կրել է $20-ի վնաս, քանի որ ռուսական կողմին վճարել է $280։ Հաշվի առնելով անցած տարվա ներկրման ծավալները (այս տարվա երրորդ եռամսյակի ծավալները դեռ չեն հրապարակվել)՝ ձեռքբերման և իրացման գնի տարբերության հետևանքով երրորդ եռամսյակում «ՀայՌուսգազարդը» մոտավոր հաշվարկներով կրել է $7 մլն-ի վնաս։
Վերջին երեք տարիներին «ՀայՌուսգազարդի» վնասը փաստացի կազմել է Դ92,4 մլրդ ($225 մլն), որից 2010թ. վնասը՝ Դ0,8 մլրդ, 2011-ինը՝ Դ15,4 մլրդ, 2012-ինը՝ Դ66,2 մլրդ։ Այս պայմաններում բնականոն գործունեություն ապահովելու, «Գազպրոմի» հետ պայմանագրային պարտավորությունները կատարելու և վնասները ծածկելու համար ընկերությունը ամենայն հավանականությամբ կդիմի վարկային ռեսուրսների ներգրավման։
Civilnet











