Բանկերը ներգրաված միջոցները դժվարությամբ են տեղաբաշխում տնտեսությունում՝ սառեցնելով դրանք
Հայաստանի տնտեսությունում պահպանվող անորոշությունները սպառողներին ստիպում են խնայել, ինչի մասին վկայում է այս տարվա ութ ամիսներին բանկային համակարգում ավանդների պորտֆելի աճը 190 մլրդ դրամով (15,6%-ով). այս ծավալի 80 մլրդ-ը կամ 42%-ը բաժին է ընկել տնային տնտեսություններին։
Մակրոտնտեսական ներկայիս պայմաններում, երբ օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 9,3%, իսկ միջին աշխատավարձը ութ ամիսների կտրվածքով ավելացել միայն 3,7%-ով, տնային տնտեսությունների ավանդների պորտֆելի նման աճը խոսում բացասական սպասումների մասին։ Պարզ ասած, երբ քաղաքացիների եկամուտներն ավելի դանդաղ են աճում քան սպառողական գները, նրանք ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար պետք է դիմեին խնայողությունների կրճատման։ Այնինչ, այս տարվա ութ ամիսներին խնայողությունները ոչ միայն չեն կրճատվել, այլև հակառակը՝ աճել են։
Սպառողական ծախսերի կրճատման հաշվին խնայողությունների ավելացումը բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա՝ հանգեցնելով տնտեսական աճի տեմպի դանդաղման։
Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների համաձայն՝ ավանդների պորտֆելում այս տարվա հունվար-օգոստոսին տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալն ավելացել է 54,7 մլրդ դրամով՝ օգոստոսի վերջին կազմելով 427 մլրդ։ Դրամային ավանդների պորտֆելն ավելացել է 26 մլրդ դրամով՝ օգոստոսի վերջին կազմելով 160,4 մլրդ։ Արտարժութային ավանդների պորտֆելի ծավալի ավելի մեծ աճը պայմանավորված է ինչպես առկա բացասական սպասումներով, այնպես էլ դրամի վարքագծով. ութ ամիսներին դրամն արժեզրկվել է 1,4%-ով։
Մյուս կողմից՝ 26 մլրդ-ով դրամային ավանդների պորտֆելի ավելացումը արդյունք է բանկերի տոկոսադրույքային քաղաքականության։ Այս տարվա ութ ամիսներին 1 տարուց ավելի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 12,21%, անցած տարվա ցուցանիշը գերազանցելով շուրջ 1 տոկոսային կետով։
Բանկերի արտարժութային ավանդների տոկոսադրույքային քաղաքականությունը բարձրացրել է նաև Հայաստանի բանկային համակարգի գրավչությունը։ Այս տարվա ութ ամիսներին ոչ ռեզիդենտների ավանդների պորտֆելն աճել է 32,5%-ով կամ 85,4 մլրդ-ով, ընդ որում, ծավալի 97%-ը բաժին է ընկել արտարժութային ավանդներին։ Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այս տարվա ութ ամիսներին բանկերը 1 տարուց ավելի ժամկետով արտարժութային ավանդները ներգրավել են 8%-ով։
Մյուս կողմից, այս տարվա ութ ամիսներին մոտ 190 մլրդ դրամով ավանդների պորտֆելի ավելացման պայմաններում ընդհանուր վարկային պորտֆելն ավելացել է միայն 93 մլրդ-ով։ Սա նշանակում է, որ բանկերը ներգրաված միջոցները դժվարությամբ են տեղաբաշխում տնտեսությունում՝ սառեցնելով դրանք։
Civilnet











