Հունվար-օգոստոսին քարտային վարկերի ծավալը Հայաստանում աճել է 18%-ով։
Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին ռեզիդենտների վարկային պորտֆելի ծավալն ավելացել է Դ90 մլրդ-ով կամ 6%-ով։ Ընդ որում, պորտֆելի աճի մոտ 45%-ը (Դ40 մլրդ) ապահովել են սպառողական վարկերը։
Այս տարվա ութ ամիսներին բանկերը հիմնականում իրականացրել են դրամով վարկավորում, ինչի արդյունքում դրամային վարկերի ծավալն ավելացել է Դ62,7 մլրդ-ով կամ 11%-ով՝ կազմելով Դ634,6 մլրդ։
Սպառողական վարկերի ընդհանուր պորտֆելն ավելացել է մոտ 13,5%-ով կամ Դ30,8 մլրդ-ով, ինչը պայմանավորված է մի քանի գործոնով։
Ներկայիս մակրոտնտեսական պայմաններում, երբ օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 9,3%, իսկ ութ ամիսներին միջին աշխատավարձերն ավելացել են միայն 3,7%-ով, սպառողական վարկերը լայն պահանջարկ են ստացել հատկապես աշխատողների շրջանում։
Բանն այն է, որ աշխատավարձերի գնողունակության նվազման պայմաններում քաղաքացիների զգալի մի մասը սպառողական ծախսերը հոգալու համար դիմում է վարկային ռեսուրսների օգնությանը, ինչ մասին խոսում է քարտային վարկերի՝ օվերդրաֆտի ծավալը։
Այսպես, քարտային վարկերի ծավալն այս տարվա ութ ամիսներին ավելացել է ընդհանուր առմամբ Դ17,6 մլրդ-ով, որից Դ10,3 մլրդ-ը եղել են դրամային վարկերը։ Քարտային վարկերի ծավալի աճը կազմել է 18%։
Գնողունակության նվազման մյուս ցուցանիշը ոսկու գրավի դիմաց բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալի աճն է՝ Դ3,3 մլրդ-ով կամ 3,5%-ով։
Մյուս կողմից, այս տարվա ութ ամիսներին բանկային համակարգում 1 տարուց ավելի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 12,21%։ Հասկանալի է, որ «թանկ» փողերով բանկերը չեն կարող վարկավորել բիզնեսը։ Բարձր տոկոսներով ներգրավված միջոցները բանկերը կարող են ուղղել միայն սպառողական վարկերին, որոնց տոկոսադրույքը հասնում է մինչև 24%-ի, հատկապես, երբ դրանց պահանջարկը բավական մեծ է։
Սպառողական վարկերի բարձր պահանջարկը հետագայում կպահպանի ավանդների, հատկապես դրամային ավանդների բարձր տոկոսադրույքները։
Civilnet











